Սաուդյան Արաբիայի ղեկավարած ռազմական կոալիցիան հայտնել է Եմենի տարածքից արձակված բալիստիկ հրթիռ որսալու մասին, հայտնում է AP-ն:
Սաուդյան հրամանատարության վարկածով՝ արկն ապստամբ հուսիներն արձակել են արաբական Նաջրան նահանգի ուղղությամբ, ինչը, ինչպես փոխանցում է Reuters-ը, գնահատվում է որպես Իրանի հետ եմենյան շիաների համագործակցության ապացույց:
AP-ի փոխանցմամբ՝ եմենյան ապստամբների հեռուստատեսությունը հաստատում է հրթիռի արձակման փաստը: Հեռուստահաղորդագրության համաձայն՝ արձակումն իրականացվել է «ճշգրտության բարձրագույն աստիճանով»: Ըստ որում՝ եմենյան ապստամբների թիրախը Նաջրանում տեղակայված սաուդյան զորքերի խմբավորումն էր:
Սաուդյան ՀՕՊ-ը վերջին անգամ հուսիների արձակած հրթիռը որսացել է դեկտեմբերի 19-ին: Այդ ժամանակ ապստամբների հրթիռը արձակվել էր թագավորության մայրաքաղաք Էր Ռիադի ուղղությամբ:



























