Նորագավիթ թաղամասի առաջին փողոցի առաջին փակուղու տներից եւ շրջակա տարածքից հունվարի 8-ին տարօրինակ հոտի ահազանգի վերաբերյալ տեղում ուսումնասիրությունները դեռ շարունակվում են: Այսօր՝ հունվարի 9-ին, NEWS.am-ին ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ ԱԻՆ Քիմիական, ճառագայթային ու կենսաբանական մոնիթորինգի բաժնի աշխատակիցները ուսումնասիրություններ են իրականացնում՝ պարզելու տարօրինակ հոտի աղբյուրը:
NEWS.am-ի թղթակիցը Նորագավիթ թաղամասի առաջին փողոցի առաջին փակուղու տների բնակիչների հետ այսօր զրուցել է, որոնք պնդել են, որ իրենց տներից ու փողոցից տարօրինակ հոտ չեն զգացել եւ տեղյակ չեն, թե ով է եղել ԱԻՆ ահազանգողը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 8-ին, ժամը 18:12-ին մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Նորագավիթ թաղամասի առաջին փողոցի առաջին փակուղու տներից եւ շրջակա տարածքից տարօրինակ հոտ է զգացվում:
Փրկարարները տեղում զրուցել են բնակիչների հետ, իրականացրել հարակից փողոցի դիտահորի դիտարկում, ստուգել տարօրինակ հոտի առկայությունը: Պատասխանատու գերատեսչությունների հետ համատեղ մասնագիտական ուսումնասիրությունները կմեկնարկվեն վաղը առավոտյան:



























