News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պետությունը պատասխանատվություն ունի քաղաքացու առավել եւս զինվորի հանդեպ։ Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, «Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար» թեմայով քննարկման ժամանակ նշել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան  գրառմանը՝ վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի՝ արտասահմանում բուժզննման համար միջոցներ հանգանակելու մասին:

Նրա խոսքով, քաղաքացին որպես զինծառայող իր պարտականությունը կատարում է, եւ պետության պարտավորությունը պետք է լինի ապահովել նրա առողջական խնդիրների լուծումը, որոնք առաջացել են զինվորական ծառայության ընթացքում. «Տվյալ դեպքում պաշտպանության նախարարն ունի գործիքներ, որ օրենքով սահմանվում են: Դա քաղաքականության մշակումն է, որի մեջ մտնում են օրենսդրական դաշտի փոփոխությունները. օրենքով սահմանված լիազորությունները նա պետք է իրականացնի, որի նպատակներից մեկը զինծառայողների առողջական խնդիրների լուծումն է: Դրա համար մենք բոլորս վճարում ենք հարկեր։ Սա է ամենապարզ լուծումը, եւ սրա փոխարեն պաշտպանության նախարարը հանդես է գալիս հանգանակության միջոցով հարցը լուծելու կոչով, ինչը նշանակում է որ ինքն ընդունում է, որ կա՛մ պետական լծակները եւ գործիքներն անարդյունավետ են, կա՛մ ինքը հրաժարվում է այդ գործիքները կիրառելուց։  Եթե անարդյունավետ են, վերստին խնդիրը իրենն է, ինչ անել, որ գործիքները արդյունավետ լինեն»։

Ըստ նրա՝ այն պատճառաբանության դեպքում, որ պետական բյուջեի միջոցները սուղ են եւ նման դեպքերի համար հնարավոր չէ լուծում տալ, առաջ են գալիս պետական միջոցների հավաքագրման հետ կապված հարցեր:

«Եթե ինքը ասեր՝ ա՛յ հարգելի ժողովուրդ, մենք այս օրենսդրական նախաձեռնությունն ենք արել կամ որոշման նախագիծը, եւ չի ընդունվել քաղաքական մեծամասնության կամ կառավարության կողմից, մենք այդ դեպքում կարող ենք աջակցել նախարարի նախաձեռնությանը։ Բայց երբ որ միանգամից մտնում է այն դաշտը, որտեղ ամեն մեկը կարող է անել, բայց ոչ նախարարը, այստեղ ինքը դառնում է ամեն մեկը՝ յուրաքանչյուրս կարող ենք հանդես գալ հանգանակության հարցով։ Այդ դեպքում դուրս է գալիս, որ հանգանակությունն է նախարարի՝ որպես քաղաքականություն իրականացնողի գործիքը, սա անընդունելի է»,-ասաց Սաքունցը:

Նրա խոսքով, անթույլատրելի է մարդկանց զգացմունքների վրա խաղալ, մարդուն օգնելու խնդիրն առաջ մղել՝ ոչնչացնելով պետական ինստիտուտների տրամաբանությունն ու բովանդակությունը։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Facebook-ի իր էջում զինծառայող Ալբերտ Դալլաքյանի համար դրամահավաքություն ձեռնարկելու նախաձեռնությամբ ու կոչով էր հանդես եկել: մեկնաբանության տակ օգտատերերից մեկը նման կոչը համարել էր բոշայություն, ինչին նախարարն արձագանքելն էր. «Բոշան դու ես»:

Տպել
Ամենաշատ