2018 թվականին հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել 50-ից ավելի օբյեկտներում:

Այս առնչությամբ, ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Զանգվածային լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցումներին ի պատասխան՝ ՀՀ ԱԻ նախարարությունը հայտնում է, որ դեռեւս այս տարվա սկզբին նամակով դիմել է տարբեր կազմակերպությունների եւ հիշեցրել, որ հրդեհների եւ տեխնածին վթարների կանխարգելման, հետեւանքների վերացման, դրանց հետեւանքով հասարակությանը եւ տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաեւ բնակչության եւ շրջակա միջավայրի պաշտպանության համար անհրաժեշտ է խստորեն կատարել հրդեհային եւ տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջները: Շահագործվող օբյեկտում պետք է անվերապահորեն կատարվեն հրդեհային եւ տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջները, որոնց խախտումները կարող են հանգեցնել հրդեհի կամ տեխնածին վթարի՝ դրանցից բխող բոլոր ծանր հետեւանքներով:

Նշենք, որ 2018թ. սկզբից մինչ օրս ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացրել մարդկանց զանգվածային կուտակում ունեցող 50-ից ավելի օբյեկտներում (հյուրանոցներ, սննդի կետեր, առեւտրի կենտրոններ, մարզամշակութային հաստատություններ եւ այլն):

Բոլոր այն օբյեկտներում, որտեղ առկա են եղել բացթողումներ, ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ հայտնաբերված թերությունների վերացման համար համապատասխան ցուցումներով ու ժամկետներով:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված են պատասխանատվության միջոցներ՝ հրդեհային եւ տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության հիմնական պահանջների չկատարման համար: Այսպես, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով սահմանվում է պատասխանատվություն օրենքի դրույթների խախտման համար: Իսկ հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար սահմանված է պատասխանատվություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 187-րդ հոդվածով, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 232-րդ հոդվածով:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ հրդեհային եւ տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների կատարումը կապահովի հրդեհներից, տեխնածին վթարներից, արտադրական պատահարներից հասարակության եւ անհատի կենսականորեն առավելագույն պաշտպանվածության վիճակը: