Թուրքմենստանում արգելել են կանանց բիկինի լողազգեստների եւ շորտերի ներկրումը եւ վաճառքը: «Ազատլիկ» ռադիոյի հաղորդմամբ՝ հագուստ վաճառողներն այժմ վաճառում են մինչեւ արգելքը պահեստներում մնացած լողազգեստներն ու շորտերը:

«Մաքսակետում թույլ չեն տալիս անցկացնել լողազգեստներն ու շորտերը: Լողանալու սեզոնի մոտենալուն զուգընթաց՝ այդ ապրանքների պահանջարկն աճում է: Բայց մաքսային ծառայության աշխատակիցները չեն բացատրում այդ արգելքի պատճառը»:

Մաքսային ծառայության աշխատակիցը, անանուն մնալու պայմանով, ենթադրել է, որ այս արգելքը կապված է «թուրքմենների բարոյական նորմերի հետ, այսինքն, որ թուրքմեն աղջիկներին վայել չէ լողազգեստ հագնելը»:

Բացի այդ, իշխանությունները մտադիր են արգելել նաեւ մազերի գունաթափող միջոցների, եղունգների գելերի եւ այլ նման ապրանքների վաճառքը: