Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար նշանակված Դիանա Գասպարյանն այսօր՝ հունիսի 26-ին հանդիպել է քաղաքապետարանի աշխատակիցների հետ, ծանոթացել իրավիճակին եւ խնդրել ամենահրատապ խնդիրների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնել:
NEWS.am-ի հետ զրույցում 30-ամյա Դիանա Գասպարյանը նշեց, որ ինքը կուսակցական չէ, քանի որ աշխատել է արդարադատության նախարարության եվրոպական կապերի վարչությունում՝ որպես քաղաքացիական-տնտեսական գործերով բաժնի պետ, եւ չէր կարող որեւէ կուսակցության անդամագրվել:
«Առաջարկն անձամբ պարոն Փաշինյանից չեմ ստացել, այլ կառավարության անդամներից: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չեմ, բայց համակիր եմ եղել շատ վաղուց: 2008 թվականից մասնակցել եմ ընդդիմադիր շարժումների, շատ ընկերներ եմ ձեռք բերել, որոնցից մի մասը հետագայում դարձան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ»,- ասաց Դիանա Գասպարյանը:
Հարցին՝ հոկտեմբերին կայանալիք ընտրություններին առաջադրվելո՞ւ է ՔՊ-ի կողմից, Դիանա Գասպարյանը պատասխանեց. «Դեռեւս որոշում չկա, քննարկումների արդյունքում կորոշվի: Չեմ բացառում, թույլ տվեք նաեւ չհաստատել»:
Նշենք, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական է ներկայացրել հունիսի 18-ին, հոր՝ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո: Մինչ այդ քաղաքում բողոքի ակցիաներ էին Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով: Դիանա Գասպարյանը նշեց, որ ինքն այդ ցույցերին չի մասնակցել:
«Ես աշխատել եմ Երեւանում, անմիջական մասնակցություն ցույցերին չեմ ունեցել: Բուն ակցիաները երկար չտեւեցին, մի քանի օր էին: Ֆիզիկապես չեմ մասնակցել ակցիաներին, բայց հոգեպես եւ մտքերով եղել եմ քաղաքի բնակիչների հետ»,- ասաց նա:





























