Լրատվամիջոցները այնքան էլ լավ չեն ուղեկցում «Սասնա ծռերին» այս օրերին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը:
Նա նշեց, որ իրենք որոշել են, որ Ստեփան Գրիգորյանի գործը քարոզարշավի ընթացքում որպես դիվանագետ կլինի պատերազմ կանխելը, իսկ իր գործը՝ որպես զինվորական՝ պատերազմ հաղթելը:
Սեֆիլյանը առանձնացրեց ծրագրային երկու կարեւոր կետ, որոնց վրա իրենք սեւեռել են իրենց ուշադրությունը, առաջինը գյուղերի ապագայի հետ կապված տեսլականն է, իսկ երկրորդը վերաբերում է պաշտպանական համակարգին:
«Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանի գնահատմամբ քարոզարշավը ընթանում է բնական հունով եւ ժողովրդի արձագանքը՝ կապված երկրի վերափոխումների հետ, դրական է: «Մեր ծրագրային մոտեցումների ընդգծված տարբերությունը գրավում է մարդկանց եւ այդ տարբերությամբ է պայմանավորված նաեւ հետաքրքրության զգալի չափաբաժինը»,-ասաց նա:
Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ «Սասնա ծռերը» նոր խորհրդարանում կարող են լինել երկրորդ քաղաքական ուժը: Կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Ստեփան Գրիգորյանն էլ ասաց, որ «Սասնա ծռերը» սիրված են ժողովրդի կողմից եւ հենց դա է պատճառը, որ կան մեծ թվով մարդիկ իրենց կողքին:
Ստեփան Գրիգորյանի խոսքով այս օրերին ցավալի միջադեպ է գրանցվել. «Գյումրիում եւ Կոտայքում մարդիկ մոտենում էին եւ բողոքում, որ սկսել է գումար բաժանելու պրոցեսը: Մենք կոչ ենք ոստիկանությանը ուշադիր լինել, դա իրենց լիազորությունն է: Պետք է կանխել այսպիսի խնդիրները: Մարդիկ, ովքեր համարձակվում են փող բաժանել, կներեք ես ինձ թույլ եմ տալիս ասել նման մարդիկ իրոք «անասուն» են. «Սասնա ծռերը» ոչ մեկին թույլ չի տա հայ ժողովրդին դրանով նսեմացնել»,-ասաց նա: Գրիգորյանն ընդգծեց՝ իրենք պատրաստ են համագործակցել նոր կառավարության հետ, բայց այն մարդիկ ովքեր գումար բաժանելով փորձում են ձայն հավաքել, իրենց կողքին տեղ չունեն:




























