Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանից բանակային ստորաբաժանումների հետքաշման առնչությամբ ինչ–որ եզրակացություններ անելը վաղ է։ Այս  մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի երկու հատվածներում՝ Ղազախում եւ Աղստաֆում զինվորական ստորաբաժանումները փոխարինելու է սահմանապահներով ։

«Իհարկե, իդեալական կլիներ զինվորական ստորաբաժանումների հետքաշումը Հայաստանի հետ սահմանի եւ Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով։ Սակայն դա ֆանտաստիկայի ոլորտից է։ Պետք է նաեւ հետեւել, թե որտեղ են տեղափոխվելու այդ ստորաբաժանումները։ Դա շատ բան կասի։ Դեռեւս վաղ է եզրակացություններ անել։

Արցախը հակամարտության 30 տարվա փորձ ունի Ադրբեջան պետության հետ, ոչ թե ադրբեջանցի ժողովրդի, քանի որ ժողովուրդը ինքն էլ իշխող վերնախավի պատանդն է դարձել։ Ուստի, չկորցնելով զգոնությունը, պետք է հետեւել տեղաշարժերին ու համապատասխան եզրահանգումներ կատարել ու քայլեր ձեռնարկել»,– նշել է Բաբայանը։

Նշենք, որ մի շարք փորձագետների կարծիքով՝ որքան էլ խաղաղասեր քայլ թվա, սակայն Ադրբեջանի բանակային ստորաբաժանումները հետ են քաշվել հետագայում Արցախի հետ սահման տեղափոխելու համար։