News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում այսօր՝ մարտի 18-ին, տեղի է ունեցել համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական քննարկումը, որը վարել է խմբի ղեկավար, կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից։ Աշխատանքային խմբում ընդգրկված են կրթության եւ գիտության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, տարածքային կառավարման, առողջապահության նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

Քննարկման օրակարգում ընդգրկված էին համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրմանն առնչվող հետեւյալ հարցերը` ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի նիստի թիվ 6 արձանագրության 12-րդ կետով հավանության արժանացած` համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանով եւ ժամանակացույցով նախատեսված Երեւան քաղաքում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հիմնադրման առաջարկության, Երեւանում համընդհանուր ներառման անցնելու գործողությունների եւ ճանապարհային քարտեզի, համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման նպատակով վերապատրաստումների կազմակերպման վերաբերյալ քննարկումներ, ինչպես նաեւ միջգերատեսչական աշխատանքային խմբի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ապահովման մասին զեկուցում:

ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը ներկայացրել է «Երեւան քաղաքի հանրակրթության ոլորտում հատուկ դպրոցների վերակազմակերպման գործընթացը համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման համատեքստում» ուսումնասիրության շնորհանդեսը, որը կազմվել է աշխատանքային խմբի կատարած աշխատանքների արդյունքում:

Ներկայացվել են Երեւանի հատուկ հանրակրթական դպրոցների վերակազմավորման եւ մանակավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ձեւավորման առաջարկությունները: Աջակցության կենտրոնները ստեղծվելու են նախկին հատուկ դպրոցների հենքի վրա, որպես սկզբունք ընդունելով 25 հազար սովորողին մեկ կենտրոն նախնական հաշվարկը: Այս կենտրոնների հիմնական գործառույթը լինելու է սովորողի կարիքի գնահատումը, ըստ անհրաժեշտության կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով երեխաների համար անհատական ուսումնական պլաններով կրթության կազմակերպումը:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող որոշակի խմբերի, մասնավորապես` լսողական, տեսողական, ծանր եւ խոր մտավոր խնդիրներով սովորողների համար առաջարկվում է հատուկ կրթության համակարգը պահպանել` հատուկ դպրոցներին տալով կանոնադրական նոր գործառույթներ: Միաժամանակ փոխնախարար Լ. Առաքելյանն իր զեկույցում նշել է, որ Հանրապետական բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի կողմից Երեւանի հատուկ դպրոցներում իրականացվում է սովորողների սոցիալական գնահատում. 8 հատուկ դպրոցների գնահատման արդյունքներն ամփոփված են, մնացածում դեռ ընթացքի մեջ են:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Երեւանի հատուկ դպրոցները մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների վերակազմակերպելու ճանապարհային քարտեզը: Նախատեսվում է ստեղծել իրազեկման խմբեր, որոնք ՀՀ ԿԳ նախարարի հանձնարությամբ հանդիպումներ կունենան վերակազմակերպվող բոլոր դպրոցների սովորողների, ծնողների եւ ուսուցիչների հետ եւ կներակայցնեն պետության կողմից վարվող քաղաքականության նպատակը, նախատեսվող քայլերն ու դրանցից ածանցվող հարցերի լուծման պետական մոտեցումները:

Նշենք, որ համաձայն ՀՀ կառավաության 2016 թվականին ընդունված համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանի` 2019 թվականին նախատեսվում է համընդհանուր ներառական կրթության համակարգ ներդնել Երեւանում, Շիրակի եւ Արագածոտնի մարզերում:

 

 

Տպել
Ամենաշատ