News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 15
USD
484.83
EUR
571.91
RUB
6.61
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Վերջին 5 տարում Հայաստան է վերադարձել և օրենքով նախատեսված սահմանված տուգանքը վճարելուց հետո քրեական հետապնդումից ազատվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող 27 տարին լրացած 2679 ՀՀ քաղաքացի։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցման ի պատասխան հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Նշենք, որ ներկայումս պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կապակցությամբ հետախուզման մեջ է գտնվում 10809 անձ։ Նախորդ՝ 2018թ. նրանց թիվը 10940 էր, իսկ 2017թ.՝11170։

Դատախազությունից միևնույն ժամանակ տեղեկացրին, որ վերջին 5 տարում այլընտրանքային ծառայության է զորակոչվել նախկինում հետախուզման մեջ գտնվող 47 քաղաքացի։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն մարտի 5-ին առաջին ընթերցմամբ ընդունեց ԼՀԿ-ի ներկայացրած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Այդպիսով, որոշում կայացվեց մինչև 2019թ. մարտը երկարաձգել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտվող 27 տարին լրացած անձանց՝ սահմանված տուգանքը վճարելուց հետո քրեական հետապնդումից ազատվելու հնարավորությունը։

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հետախուզման մեջ գտնվող անձանց հետախուզումը եւ քրեական հետապնդումը դադարեցնելու կարգն ընդգրկում է 1992 թ. Աշնանային զորակոչից մինչև 2017 թ. դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը և տարածվում է այդ ընթացքում «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման հիմքեր ձեռք բերած այն քաղաքացիների վրա, որոնց նկատմամբ  պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում։

Համաձայն նույն օրենքի 3-րդ հոդվածի՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին դիմում է ներկայացնում այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է։ Դիմում կարող է ներկայացնել նաև պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու լիազորած անձը։

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները դիմումի պատասխանը ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, սույն օրենքով սահմանված վճարները մուծում են բանկային համակարգի միջոցով։ Օրենքով սահմանված վճարը մուծելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում քաղաքացուն տրվում է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դադարեցման մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը, ինչպես նաև նա ստանում է զինվորական գրքույկ և հաշվառվում է պահեստազորում։

Տպել