News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 06
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


«Մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկության վրա». Ազգային ժողովի նախագահն ու ԲՀԿ-ական պատգամավորը վիճաբանել են։ Իմքայլական պատգամավորները լքել են դահլիճը. նրանք միմյանց հրմշտելով են հավաքվել խմբակցությունում։ Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոխվել է. նա ազատ է արձակվել երաշխավորագրով։ Դատական դեժավյու «Մարտի 1-ի» գործով. դատարանը հերթական անգամ մերժել է երկրորդ նախագահի փաստաբանների միջնորդությունը։ Մանվել Գրիգորյանը դատարան է բերվել հիվանդանոցից, լսել իր պաշտպանների միջնորդության մերժումը եւ շտապօգնության բժիշկների օգնությամբ հետ վերադարձել հիվանդանոց։ «Հայաստանը պատրաստ է խաղաղության». Նիկոլ Փաշինյանի ելույթը Փարիզի խաղաղության համաժողովում։

Ազգային ժողովի նիստում վիճել են խորհրդարանի նախագահն ու ԲՀԿ-ական պատգամավորը: Գեւորգ Պետրոսյանը երկու փոփոխություն է առաջարկել «Ընտանեկան օրենսգրքում»՝ օրենքով արգելել նույնասեռականների ամուսնությունը եւ արգելել նրանց երեխա որդեգրել: Պետրոսյանն ասել է, որ ԲՀԿ-ն դեմ է, որ ավանդական արժեհամակարգը գնդակահարվի: Արարատ Միրզոյանը աշխատակցին հանձնարարել է գտնել այն հոդվածը, որով կարգավորվում է պատգամավորին ձայնից զրկելու հարցը: Ազգային Ժողովը մերժել է օրինագիծն օրակարգ ընդրկել:

Գեւորգ Պետրոսյանի եւ Արարատ Միրզոյանի վիճաբանությունից հետո «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ լքել են դահլիճը։ Լրագրողները փորձել են պարզել՝ ինչի՞ հետ էր կապված դահլիճը լքելը եւ հակասական պատասխաններ լսել։ Լրագրողները նաեւ նկատել են, թե ինչպես են «Իմ քայլի» պատգամավորներն իրար հրմշտելով մտնում խմբակցություն։

ԲՀԿ խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը դժգոհել է Գեւորգ Պետրոսյանի բացակայությամբ նրան քննադատությունների թիրախ դարձնելու համար։ Տղամարդ պատգամավորը դահլիճում չէ, եւ տղամարդ պատգամավորները քննարկում են բացակա պատգամավորին»,- ասել է Զոհրաբյանը:

Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպից հետո Գեւորգ Պետրոսյանը չի վերադարձել նիստերի դահլիճ, «Իմ քայլի» պատգամավորներն էլ ասել են, թե նրան Գագիկ Ծառուկյանը հետը տարել է եւ, թերեւս, նրա հետ շատ լուրջ խոսակցություն ունի՝ այսօրվա միջադեպի հետ կապված: Թեմայի շուրջ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը լրագրողներին խուսափողական պատասխաններ է տվել։

Արսեն Բաբայանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխվել է անձնական երաշխավորությամբ եւ նա ազատ է արձակվել: Երաշխավորագիր էին ներկայացրել պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը եւ «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի»  նախագահ Ավետիք Իշխանյանը։ 22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել, գնամ տուն, ավելի ուշ կխոսենք, քրեակատարողականից դուրս գալուց հետո aysor.am-ին ասել է Բաբայանը։

Դատարանի ինքնաբացարկից բացի Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարան են ներկայացրել մի շարք այլ միջնորդություններ, լրագրողներին հայտնել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը: Դրանք վերաբերում են դատավարության դադարեցմանը, մասնակիցների կազմին եւ այլն:

Դատավոր Աննա Դանիբեկյանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, հրապարակել է ինքնաբացարկի մասին միջնորդության վերաբերյալ որոշումը: Դատավորը միջնորդությունը հիմնավորված չի համարել: Հիշեցնենք, որ փաստաբանները պնդում էին, որ դատավորն առաջնորդվում է երկակի ստանդարտներով եւ սուբյեկտիվ վերաբերմունք է դրսեւորում: Նշվել էր, որ ուրիշ գործերով նման հանգամանքների պարագայում դատավորը  ղեկավարվել է ՄԻԵԴ պրակտիկայով եւ գրավով ազատել, սակայն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավը համարում է անհնարին:

Այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի միջնորդություն են ներկայացրել: Փաստաբանները թվարկել են քննության ժամանակ թույլ տրված խախտումները, մինչդեռ քննության նկատմամբ հսկողությունն իրականացնում է դատախազը: Մյուս ամբաստանյալների փաստաբանները նույնպես թվարկել են իրենց պաշտպանյալների նկատմամբ թույլ տրված խախտումները: Դատարանն ընդմիջել է նիստը։

Նա, ով դատավարություն է սկսել երկրորդ նախագահի դեմ, նպատակ է հետապնդում, որ այն ձգվի տարիներ, դատական նիստում հայտարարել է փաստաբան Հայկ Ալումյանը: Գործով 800 վկա է անցնում, ինչն, ըստ նրա, նշանակում է, որ եթե այլ խոչընդոտներ էլ չլինեն, միայն նրանց լսելու համար անհրաժեշտ է 5-ից 7 տարի: «Ընդ որում՝ բացի 30-40 վկայից, մնացյալի ասածները ոչ ոք չի վիճարկում»,- ընդգծել է փաստաբանը:

Երկրորդ նախագահի աջակիցները բողոքի ակցիա են իրականացրել դատարանի դիմաց։ Մասնակիցներից մեկն ասել է, որ իրենք այս դատարանից արդեն որեւէ ակնկալիք չունեն, բայց Եվրադատարանից սպասելիք ունեն։

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը նախագահող Մնացական Մարտիրոսյանը մերժել է  պաշտպանների՝ դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդությունը։ Մինչեւ այդ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է եւ շտապ օգնության բժիշկները նրան տեղափոխել են հիվանդանոց։ Մանվել Գրիգորյանը դատարան է եկել անվասայլակով, նրան միացված է թթնածնային սարք։ Նիստերի դահլիճ մտնելիս  աջակիցները նրան դիմավորել են ծափերով։

Կրթության  նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողների ու երիտասարդ դաշնակցականների իրազեկման երթն ավարտվել է նախարարության շենքի մոտ: ԵՊՀ հայ բանասիրականի ուսանողներն ու ՀՅԴ երիտասարդական միության անդամները վաղ առավոտից հավաքվել են մայր բուհի հայ բանասիրության ֆակուլտետի մասնաշենքի մոտ, երթով անցել են մյուս բուհերի մոտով`դասադուլ հայտարարելու կոչեր ուղղել ուսանողներին: Նախորդ օրն էլ նման երթ էր տեղի ունեցել, ծրագրվում է երթ կազմակերպել նաեւ վաղը։

Ոչ ոք չի կարող Հայաստանի հետ խոսել ուժի դիրքերից, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության համաժողովում։ Հայաստանի վարչապետը ցավով նշել է, որ Ադրբեջանը շարունակում է պնդել, թե Երեւանը ադրբեջանական քաղաք է։

Ադրբեջանի առաջնորդները հայտարարում են, թե ցանկանում են, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի մասը, սակայն հրաժարվում են բանակցություններ վարել Ղարաբաղի ժողովրդի հետ, դա տարօրինակ դիրքորոշում է, ասել է Փաշինյանը: Դա, ըստ նրա՝ նշանակում է, որ նրանք ցանկանում են տարածքներ առանց մարդկանց:

Փարիզում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:  Facebook-ի իր էջում նա տեսանյութ է հրապարակել եւ գրել «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երկկողմ հանդիպում ենք անցկացնում, քննարկելու հայ-ֆրանսիական օրակարգի հրատապ հարցերը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան՝ մասնակցելու 40-րդ գլխավոր կոնֆերանսին։ Համաժողովում սպասվում է  Փաշինյանի ելույթը։ Ավելի ուշ Փաշինյանը եւ նրա տիկինը հանդիպում կունենան Ֆրանսիայի հայ համայնքի հոգեւոր եւ աշխարհիկ կառույցների ղեկավարների հետ։

Ամերիկյան դոլարի փոխարժեքն այսօր աննշան աճել է եւ կազմել 477.40 դրամ։ Եվրոյի փոխարժեքն աճել է գրեթե կես դրամով եւ կազմել 526.81 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.14 դրամով եւ հասել 612.93 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը գրեթե անփոփոխ է մնացել եւ կազմել է 7.46 դրամ։

Հայաստանում նոյեմբերի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը գերազանցապես ցերեկային ժամերին մինչեւ շաբաթվա վերջ աստիճանաբար կնվազի 6-7 աստիճանով, իսկ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում եւ Արցախում՝ 13-15 աստիճանով։ Երեւանում եւս տեղումներ չեն լինի։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ 15-ից 17 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ