News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այս ամենը կազմակերպվում է իրենց թեկնածուի՝ Հրանուշ Գրիգորյանի համար, որը դպրոցում աշխատում է որպես քիմիայի ուսուցչուհի, նաեւ մասնագիտական աջակցությունների գծով փոխտնօրեն,  ամուսինն էլ՝ Արթուր Հովհաննիսյանը, որը փաստաբան է եւ ակտիվ մասնակցում է հավաքներին, հենց կազմակերպիչներից մեկն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան համար 8 հիմանական դպրոցի նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը՝ անդրադառնալով իր դեմ շարունակվող արշավին։

Նրա խոսքով՝ ինքը համայնքում դեռ որեւէ մեկին չի ճանաչում եւ այն կարծիքները, թե մյուս դպրոցից իրեն հեռացրել են, իրականության հետ որեւէ աղերս չունի. «Բաղրամյանի դեպքը պետք է հանգիստ թողնեն, քանի որ դա շոու էր։ Հեղափոխությունն օգտագործեցին անձնական շահերի համար։ Նրանք ինձ հետ չեն աշխատել, իրենց իրավունքները չեմ ոտնահարել, ի՞նչ է նշանակում՝ չենք ուզում։ Ես օրենքով նշանակված տնօրեն եմ»։

Շուշանիկ Ոսկանյանի խոսքով՝ ուսուցչական անձնակազմն ու ծնողներն ասում են՝ թող նոր ընտրություններ անցկացվեն եւ թեկնածու էլ իբր չունեն, բայց դա այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանի որ համայնքում խոսակցություններ կան, որ արշավը կազմակերպված է մի քանի անձանց կողմից։

«Ես տեղեկություններ ունեմ, որ Վաղարշապատի դպրոցի ուսուցիչներն ու ծնողները թեկնածու ունեն եւ այս ամենը կազմակերպում են իրենց ուզածին հասնելու համար։ Այս ամենը կազմակերպվում է իրենց թեկնածուի՝ Հրանուշ Գրիգորյանի համար,  որը քիմիայի ուսուցչուհին է ու մասնագիտական աջակցությունների գծով փոխտնօրենը, ամուսինն էլ՝ Արթուր Հովհաննիսյանը,  որը փաստաբան է,  ակտիվ մասնակցում է հավաքներին եւ հենց կազմակերպիչներից մեկն է»,– ասաց Ոսկանյանը։

Նրա խոսքով՝ ոչ ոք իրավունք չունի անառիթ վիրավորել իրեն։

«Ո՞վ է իրավունք տվել վիրավորել իմ անձը։ Ես գլուխս բարձր դուրս եմ եկել Բաղրամյանի դպրոցից, իմ ձեռքից չեն բռնել եւ դուրս հանել, ինչպես նրանք են ներկայացնում։ Բացի Բաղրամյանից, ես ոչ մի դպրոցում տնօրեն չեմ աշխատել, այլ մասնակցել եմ մրցույթներին եւ չեմ ընտրվել։ 2012 թվականին Բաղրամյանի դպրոցը մեծ ջանքերի շնորհիվ ընդգրկվեց կառավարության հիմնանորոգման ծրագրի մեջ, ինչի շնորհիվ պատուհանները փոխվեցին, լոկալ ջեռուցում անցկացվեց։ 2018 թվականին սպորտդահլիճը հիմնանորոգվեց  բարերար Էֆրին Պախի միջոցներով եւ համալրվեց մարզագույքով։ Մարզադահլիճն ունի նաեւ ցնցուղարան, որն ապահովված է տաք ջրով։ Կոլեկտիվի հետ աշխատել եմ հաշտ եւ համերաշխ, ոչ մի արտառոց դեպք դպրոցում չի գրանցվել, ոչ մեկի մազը չի ծռվել այդ 9 տարիների ընթացքում»։

Նրա խոսքով՝ իր համար զարմանալի է նաեւ նախկին տնօրենի վերադարձը պահանջող համայնքի ներկայացուցիչներից մի քանիսի ակտիվությունը. «Համագյուղացիներից Արտակ անունով անձը, որը ակտիվ մասնակցում է ակցիաներին եւ պաշտպանում է  նախկին տնօրեն Եսթեր Գալստյանի շահերը, խնդիր է ունեցել վերջինիս հետ եւ իր 2 երեխաներին տեղափոխել է Վաղարշապատի Խաչատուր Աբովյանի անվան 4–րդ դպրոց։ Հիմա համայնքի մի քանի բնակիչների հետ միասին Հրանուշ Գրիգորյանին են տեսնում, որպես տնօրեն։ Այս ամենն անում են, որպեսզի հայտարարվի նոր մրցույթ եւ այդ դպրոցի քիմիայի ուսուցչուհին նշանակվի տնօրեն։ Եթե այդպես է տնօրեն կարող են ընտրել համայնքի բնակիչները, առանց մրցույթ հայտարարելու, բայց առանց մարդկանց վարկաբեկելու»։

Հարցին՝ արդյո՞ք այս ամենը տեսնելով պատրաստ է աշխատել այդ դպրոցում որպես տնօրեն, Ոսկանյանը պատասխանեց. «Պատրաստ եմ, քանի որ մարդու հետ պետք է աշխատեն, հետո ճանաչեն։ Իրենք իրենց անձնական շահերի համար փորձում են զոհաբերել ինձ, բայց ես կգնամ եւ կաշխատեմ»։

Հիշեցնենք, որ դպրոցի ուսուցիչները և աշակերտները գործադուլ ու դասադուլ էին հայտարարել, իսկ դպրոցականների ծնողները փակել էին դպրոցի մուտքն ու թույլ չէին տալիս տնօրենին ներս մտնել հաստատության:

Նշենք նաև, որ դեկտեմբերի 2-ին կրթական հաստատությունում իրականացված տնօրենի ընտրության մրցույթում նախկին տնօրեն Եսթեր Գալստյանը հավաքել է 4 ձայն, իսկ Շուշանիկ Ոսկանյանը՝ 3, սակայն փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկությամբ և մարզպետի որոշմամբ տնօրեն է նշանակվել Շուշանիկ Ոսկանյանը:

Ցուցարարները երեկ հանդիպել են Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի հետ, սակայն, իրենց խոսքով, գոհ չեն հանդիպումից եւ այսօր եկել են կառավարություն, որտեղ հանդիպել են կառավարության նամակների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանի հետ։ Նրանց խոստացել են երկուշաբթի պատասխանել իրենց դիմումին։

Տպել
Ամենաշատ