News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդը (այսուհետ՝ ԱՀ Խորհուրդ) նախնական ուսումնասիրության է ենթարկել ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանի հաղորդումն այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր լիազորություններն իրականացնելիս կատարել է այնպիսի արարք, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելուն միտված գործողություններ, ինչն էլ առաջացրել է շահերի բախում՝ արգելված «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածով:

Մասնավորապես, իր հաղորդմամբ Ն․Մալյանը հայտնել է երեք հանգամանք, որոնք էլ ենթակա են նախնական ուսումնասիրության․

1) Կոռուպցիայի, մասնավորապես շահերի բախման դրսեւորում է, երբ նախարարի ընտանիքի անդամը բիզնեսով է զբաղվում տվյալ նախարարի համակարգման ոլորտում։ Առավելեւս, երբ այդ բիզնեսը հիմնադրվում է անձի` նախարար դառնալուց հետո եւ ոչ թե առաջ։

2) «ԱԺ-ում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքը տարածվում է նաեւ Աժ փոխխոսնակի խորհրդականի նկատմամբ, իսկ այդ օրենքը ուղիղ արգելում է կատարել այլ վճարովի աշխատանք։ Նշված բիզնեսը այլ վճարովի աշխատանք է։

3) Երբ առանց մրցութային կարգի պետական աշխատանք են տալիս ընկերոջ կամ մտերիմի տիկնոջը, դա նույնպես կոռուպցիայի դրսեւորում է. կոչվում է «քրոնիզմ» (cronyism)։

ԱՀ Խորհրդի կողմից նախնական ուսումնասիրության ընթացքում Ն․Մալյանի կողմից բարձրացված հարցերը համակողմանի ուսումնասիրվել են բացահայտման ենթակա հետեւյալ հանգամանքների շրջանակներում․

1․ արդյո՞ք ՀՀ արդարադատության նախարարի հետ փոխկապակցված անձը (ամուսին Տաթեւիկ Սարգսյանը) նախարարի նշանակվելուց հետո սկսել է զբաղվել ձեռնարկատիրական այնպիսի գործունեությամբ, որն առնչվում է նախարարի համակարգման ոլորտին:

Պարզվել է․

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ փոխկապակցված անձը (ամուսին Տաթեւիկ Սարգսյանը), Ռ․ Բադասյանի հանրային պաշտոնում նշանակվելուց հետո, այլ անձի հետ համատեղ, հիմնադրել է առեւտրային ընկերություն, որի հիմնադրման պահից մինչ օրս, գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում, ղեկավարել է այդ ընկերությունը: Ընկերությունը զբաղվում է ՀՀ արդարադատության նախարարի ղեկավարման եւ համակարգման ոլորտին առնչվող առեւտրային գործունեությամբ:

2. Արդյո՞ք արդարադատության նախարար Ռ․ Բադասյանի հետ փոխկապակցված անձ Տաթեւիկ Սարգսյանը միաժամանակ աշխատել է ՀՀ ԱԺ աշխատակազմում եւ առեւտրային ընկերությունում` միաժամանակ վարձատրվելով երկու գործատուներից:

Պարզվել է․

Արդարադատության նախարարի հետ փոխկապակցված անձը (ամուսին Տաթեւիկ Սարգսյանը), աշխատելով ՀՀ ԱԺ աշխատակազմում (ԱԺ նախագահի տեղակալի փորձագետ), միաժամանակ զբաղեցրել է ղեկավար պաշտոն առեւտրային ընկերությունում եւ, բացի ԱԺ աշխատակազմից, միաժամանակ ստացել է վարձատրություն նաեւ այդ ընկերությունից:

3. Արդյո՞ք Տաթեւիկ Սարգսյանն ԱԺ նախագահի տեղակալի գրասենյակում փորձագետ է նշանակվել առանց մրցույթի:

Պարզվել է․

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ փոխկապակցված անձը (ամուսին Տաթեւիկ Սարգսյանը) ՀՀ ԱԺ աշխատակազմում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի գրասենյակում փորձագետ է նշանակվել առանց մրցույթի:

Քննությունը բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ իրականացնելու համար Խորհուրդը բոլոր շահագրգիռ անձանց եւ մարմիններից սկսել է հավաքել անհրաժեշտ տեղեկություններ եւ դիրքորոշումներ: Այդ նպատակով իրականացվում են բազմաթիվ հարցումներ եւ անհրաժեշտ այլ գործողություններ:

Ծանուցում: Սույն եզրակացությունը կազմվել է Խորհրդի կողմից իրականացված նախնական ուսումնասիրությունների արդյունքներով, ուստի դրանք վերջնական չեն եւ չեն հավակնում դիտարկվել որպես վերջնական հաստատված հանգամանքներ: Այնուամենայնիվ, եզրակացության այն հանգամանքները, որոնք արձանագրված են «հաստատված» եզրույթով, համարվում են արդեն իսկ հաստատված հանգամանքներ:

Սույն եզրակացության հիմնավորումները՝ կից փաստաթղթում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ