Հայաստանը Opera Mini բրաուզերի լայն սպառող եւ օգտագործող է,  այն մեզ համար թիվ 1 շուկան է ծավալների առումով։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Opera Software ընկերության ստանդարտների տնօրեն Չարլզ ՄքՔեթիՆեւիլը։ Ըստ նրա՝ Հայաստանում ամսական Opera mini բրաուզերով միջինում դիտում են 1500 էջ, մինչդեռ շատ երկրներում այդ ցուցանիշը չի հասնում 1000-ի։

Նշենք, որ Opera Mini բրաուզերը ստեղծված է հատուկ բջջային հեռախոսների, սմարթֆոնների եւ անհատական թվային օգնականների համար։

«Հայաստանում բջջայինների շուրջ 75 տոկոսը օգտագործում է Opera Mini, եւ այս առումով մեզ համար կարեւոր է հասկանալ, թե ինչ է պետք անել հայաստանյան շուկայի համար»,-ասաց Չ. ՄքՔեթիՆեւիլը՝ չմանրամասնելով սական, թե արդյո՞ք ընկերությունը նախատեսում է համագործակցություն հայաստանյան բջջային օպերատորներից որեւէ մեկի հետ։

Իսկ թե ինչո՞ւ է Հայաստանում բջջային Opera Mini բրաուզերի օգտագործողների թիվը բավականին մեծ, Չ. ՄքՔեթիՆեւիլը ասաց. «Հայաստանցիներն ընդհանրապես ինտերնետ շատ են օգտագործում, քան այլ երկրներում ապրող մարդիկ։ Նրանք կամ շատ են աշխատում, կամ էլ շատ են խաղում»։

Հիշեցնենք, որ Opera Software ընկերության ներկայացուցիչները այս օրերին Հայաստանում են գտնվում, նրանք եկել էին մասնակցելու հունիսի 4-5-ը Երեւանում տեղի ունեցող BarCamp 2011-ին։

Լուսինե Մովսիսյան