«Երկիր» օրաթերթի դեմ գործարար պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի ներկայացված հայցով որոշումը հրապարակվելու է վաղը` հունիսի 8-ին: Եթե հայցը բավարարվի ամբողջովին կամ մասնակի, ապա «Երկիրը» մտադիր է շարունակել դատական գործընթացը, բողոքարկել այնքան ժամանակ, որ իրենց դատական ծախսերը փոխհատուցեն: Եթե Հայաստանում հաջողություն չունենան, ապա դիմելու են նաեւ Եվրոպական դատարան եւ համոզված են, որ այնտեղ հաղթելու են: Այս մասին այսօր` հունիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանը:
«Սա դրսից տղա բերելու հարց չի, այլ ուղղակի լրատվամիջոցի խոսքի ազատության պաշտպանության հարց է»,- ասաց նա: Ասուլիսի մյուս բանախոսը` փաստաբան Լիանա Գրիգորյանը հույս ունի, որ վճիռը արդարացի կլինի` հաշվի առնելով իրենց ներկայացրած «ծանրակշիռ ապացույցները» եւ բոլոր հանգամանքները:
Խմբագրի կարծիքով, թեեւ «Երկիրը» այլեւս Դաշնակցության պաշտոնաթերթը չի, բայց սա ՀՅԴ-ից վրեժ լուծելու էլեմենտներ է պարունակում` Դաշնակցության հիմիկվա դիրքորոշումների համար:
«Արզաքանցյանին նաեւ որոշակիորեն օգտագործողներ կան, նա որոշակիորեն ուղղորդվել է ինչ-որ մարդու կամ մարդկանց կողմից եւ նրանց թվում էր, թե «Երկիր» օրաթերթին հնարավոր է լռեցնել», - ասաց գլխավոր խմբագիրը` հավելելով, որ այդ օգտագործողներն իշխանություններն են:
Բագրատ Եսայանի խոսքով, Արզաքանցյանը վիրավորական արտահայտություններ է արել «Երկիր» թերթի եւ ՀՅԴ-ի հասցեին, ինչի համար «շատ ավելի լայնորեն է պատասխան տալու, քան իրեն թվում է»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տիգրան Արզաքանցյանը դատի է տվել «Երկիր» թերթին՝ իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ հրապարակելու համար: Արզաքանցյանը վիրավորանք ու զրպարտանք է համարել իր հասցեին թերթում արված «ստիլյագ», «Քյավառա բարբառով խոսող» , «ռուս գեղեցկուհիներ Հայաստան տանող-բերող», «կազինոների մշտական հաճախորդ», «ծեծ ուտելու սովորություն ունեցող» արտահայտությունները: Պատասխանողի կողմից այս բոլոր արտահայտությունների դեպքում բերվել են հակափաստարկներ, օրինակ` «կազինոների մշտական հաճախորդի» դեպքում տվյալներ ունեն առ այն, որ Մոսկվայի «Մետրոպոլ» խաղատուն 1 տարվա ընթացքւոմ հաճախել է 33 անգամ: Նրանք նաեւ փաստեր ունեն Արզաքանցյանի կողմից վիրավորանք եւ զրպարտանք համարվող մյոսւ արտահայտությունների վերաբերյալ:
Հայցադիմումի համաձայն Տիգրան Արզաքանցյանը պահանջում է թերթից բռնագանձել 3 մլն դրամ գումար, ինչպես նաեւ 568 հազար դրամ փաստաբանական եւ դատական ծախսերի համար:




























