Ժամեր առաջ կառավարության շենքի մոտից բերման ենթարկված Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորության թեկնածու Գեղամ Նազարյանը քիչ անց ազատ կարձակվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը։
«Գեղամը կառավարության շենքի մոտով կոնֆերանսի էր գալիս, երբ մեծ թվով ոստիկաններ նրա նկատմամբ բռնի ուժ կիրառելով բերման են ենթարկել: Ոստիկանները ցուցադրական էին բերման ենթարկում` ասում էին, որ գլուխը գետնին կպցնեն, այսինքն հրահանգ էին կատարում կոնկրետ»,- պատմեց նա:
Նշենք, որ ոստիկանները նաեւ նկարահանել են Գեղամ Նազարյանին բերման ենթարկելը:
Ոստիկանությունից փորձեցինք պարզել,թե որն է Գեղամ Նազարյանին բերման ենթարկելու պատճառը, սակայն մեր զանգերին այդպես էլ չպատասխանեցին:
Նշենք, որ Գեղամ Նազարյանի որդին` Աբգարը, զոհվել է 44-օրյա պատերազմում:





























