Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողբալի վիճակում գտնվող Սանահինի վանական համալիրի վերականգնման համար միջոցներ չունի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայության ղեկավար տեր Վահրամ Մելիքյանը՝ ավելացնելով, որ եկեղեցիներ վերանորոգելու կամ կառուցելու առումով Էջմիածինը կախված է բարերարների եւ կազմակերպությունների աջակցությունից։

Մելիքյանը միաժամանակ նշեց, որ չնայած միջոցների բացակայությանը՝ վերանորոգման կարիք ունեցող այլ եկեղեցիների թվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ուշադրության կենտրոնում է նաեւ Սանահինի վանքը։

Նա նաեւ ասաց, որ մի քանի տարի առաջ Գարեգին Բ-ն այն ժամանակվա «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության տնօրեն Եվգենի Գլանդունչիկի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել, համաձայն որի Սանահինի վանական համալիրն ընկերության ֆինանսական աջակցությամբ պետք է բարեկարգվեր եւ վերանորոգվեր։

«Սակայն երբ վերանորոգումը սկսելու որոշումը կայացվեց, եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վանական համալիրի վերանորոգման նախագիծը ստանալու համար դիմեց Մշակույթի նախարարության պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալություն, նախագծի հեղինակը 150 հազար դոլար պահանջեց։ Այս հանգամանքն էլ գործընթացի դանդաղեցման պատճառ դարձավ, ինչին հետեւեց Գլադունչիկի պաշտոնաթողությունը»,- ասաց Մելիքյանը՝ ավելացնելով, որ նախագծի հեղինակին չի ճանաչում եւ նրա անձը պարզելու համար պետք է դիմել վերոնշյալ գործակալություն։

Նշենք, որ Սանահինի վանական համալիրը, որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սեփականություն, վերջերս ներառվել է նրա հաշվեկշռում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, համաշխարհային հռչակ վայելող Սանահինի վանական համալիրը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակի մեջ, ողբալի վիճակում է (ֆոտոռեպորտաժ)։ Տանիքը կաթում է, ջրերն անցնում են պատերի մեջ, որոնք արդեն խոնավ են եւ սպիտակ փառով են պատված։ Առավել ողբալի վիճակում է գտնվում Զաքարյանների եւ Հարություն Երկայնաբազուկի դամբարանները, որոնք պարզապես ներծծված են անձրեւաջրերով։

P.S. Այս իրավիճակում հիշում ես «Հույսդ դիր Աստծո վրա, բայց ինքդ էլ ձեռքերդ ծալած մի նստիր» ասացվածքը։ Գուցե չարժե, որ  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հույսը դնի բարերարների վրա, ովքեր միջոցներ տրամադրելով, թելադրում են սեփական ճարտարապետական ոճը, ինչպես Գանձասարի վանական համալիրի պարագայում, այլ դիմի եկեղեցու սպասավորներին՝ նրանց կոչ անելով իրենց ստացած թանկարժեք նվերները, այդ թվում շքեղ մեքենաները, զոհաբերել լավ գործի համար։