News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

IV-V դարերում Հռոմեական կայսրության ու Սասանյան Իրանի միջև գոյություն ուներ համաձայնություն, որով ապրանքների միջազգային փոխանակումը (հատկապես, չինական մետաքսի) կատարվում էր 3 հատուկ նշանակված տեղերում՝ Մծբին (Տիգրիսի վրա), Կալինիկում (Եփրատի վրա) եւ Արտաշատ (Արաքսի վրա) քաղաքներում։ Այս քաղաքները, կազմակերպված տրանսպորտային ծառայություններով, հատուկ անցակետեր էին (ֆոտոռեպորտաժ

Դեռ մ.թ.ա. II դարում հիմնադրված Արտաշատը գտնվում էր ճանապարհների խաչմերուկում, որով անցնում էր այսպես կոչված Մեծ մետաքսի ճանապարհը։ Մի քանի դար այստեղ աշխույժ առևտուր է ընթացել, իսկ V դարում, Հայաստանի մայրաքաղաքը Դվին տեղափոխելուց հետո, միջազգային առևտրի կենտրոնի գործառույթն անցավ այդ քաղաքին։ Բայց դեռ երկար տարիներ Արտաշատը կրում էր «Մեծ» տիտղոսը։

Հին ժամանակներում քաղաքը նաև մեծ ռազմավարական նշանակություն է ունեցել, զուր չէ, որ այն բազմիցս գրավվել և հետ է վերցվել, հիմնահատակ ավերվել է և կրկին վեր խոյացել։ Քաղաքի պատմության մասին իմանում ենք տարբեր պատմիչներից՝ Պլուտարքոս, Ստրաբոն, Մովսես Խորենացի, Պրոկոպիոս Կեսարացի, բայց այդ հինավուրց մեգապոլիսի կյանքի ամբողջական պատկերը օգնում են վերստեղծել Արտաշատի պեղումների գտածոները։

Պեղումները մեկնարկել են անցյալ դարի 70-ական թվականներին, երբ Փոքր Վեդի գյուղում ջրատարի անցկացման ժամանակ գտնված լատինատառ արձանագրությունը՝ Արտաքսատա (Արտաշատ) քաղաքի և հռոմեական կայսր Տրայանոսի տիտղոսների հիշատակությամբ, այլևս կասկած չթողեց հին հայկական մայրաքաղաքի գտնվելու վայրի վերաբերյալ։

Առաջին արշավախմբի ղեկավարն էր ՀԽՍՀ Ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Բաբկեն Առաքելյանը։

Հայաստանի պատմության թանգարանում այսօր գործում է հատուկ ցուցահանդես, որը նվիրված է Արտաշատի պեղումների 50-ամյակին։ Ցուցահանդեսում մեր զբոսավարն է պատմության թանգարանի հնագիտության բաժնի գիտաշխատող Արմինե Զոհրաբյանը։

 «Արտաշատը մեծ նշանակություն ուներ միջազգային ոչ միայն առևտրային, այլև ռազմաքաղաքական հարաբերություններում։  Արտաշատի նյութը շատ հարուստ է, և ցույց է տալիս, որ այն ապրել է իսկապես քաղաքային կյանքով։ Դա նշանակում է՝ շքեղություն, աշխույժ առևտուր, մեծ թվով օտարերկրացիներ, բայց դա նշանակում է նաև՝ նվաճողների մեծ բանակներ։ Այն ժամանակ հակառակորդների հարվածներն ավելի հաճախ ուղղված են եղել քաղաքների նվաճմանը, այլ ոչ այնքան՝ արքայատոհմերի հետ հաշվեհարդար տեսնելուն, որովհետև քաղաքի նվաճումը ենթադրում էր հարուստ ավար։ Ու Արտաշատը զերծ չի մնացել այդ հարձակումներից,  բավական է հիշատակել Մարկոս Անտոնիոսի, Կորբուլոնի, Շապուհ 2-րդի արշավանքները։ Քաղաքը հողին են հավասարեցրել, հետո ոտքի է կանգնել», - ասում է նա։

Նոր մայրաքաղաքը մթա 190 - 170-թթ հիմնել է Արտաշես Ա արքան։ Նա  մթա 190 թ․ Մագնեզիայի ճակատամարտից հետո, երբ Հռոմը հաղթեց Սելևկյան Անտիոքոս III-ին Մեծ Հայքը հռչակեց անկախ և հիմք դրեց նոր Արտաշեսյան  արքայատոհմին Հայաստանում։

Ըստ Պլուտարքոսի՝ քաղաքի կառուցման վայրը Արտաշեսին հուշել է Հռոմի երկարամյա ախոյան կարթագենացի զորավար Հանիբալը, որն այդ ժամանակ ապաստանել էր հայոց արքունիքում։ Արտաշատը անտիկ աշխարհում հայտնի է եղել իր շքեղությամբ և համեմատվել է Կարթագենի հետ։

Իրականություն է դա, թե՝ առասպել, բայց քաղաքի վայրն իրավամբ ռազմավարապես շատ գրագետ էր ընտրված։ Արտաշատը գտնվում էր Արարատ լեռան ստորոտում, Արաքս և  Սևջուր գետերի միախառնման վայրում (հետագայում Սևջուրը փոխել է  հունը)։ Քաղաքը տեղադրված էր Խոր Վիրապի 12 բլուրների վրա։ Բլուրներից մեկի վրա, որտեղ արքունի զնդանն էր՝ հետագայում Հայաստանի մկրտիչ Գրիգոր Լուսավորչի բանտարկման վայրը, այսօր գտնվում է Խոր Վիրապ վանական համալիրը։

Բուն քաղաքը զբաղեցրել է շուրջ 700 հա տարածք, բայց արվարձաններով և դամբարաններով այն ծավալվել է մինչև 3000 հա։ Միջնաբերդը և թաղամասերը շրջափակված էին մոտ 10 կմ երկարությամբ պարսպապատերով։ Քաղաքը երեք կողմից պաշտպանված էր գետի ջրերով, չորրորդ կողմից՝ ջրով լցված արհեստական խանդակով։ Այն մի քանի կամուրջներով կապվում էր Արաքսի հակադիր ափին։

«Չնայած ընդունված կարծիք կա, որ Հանիբալն է հուշել Արտաշատի կառուցման վայրը, գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արտաշեսը ինքը բացառիկ ստրատեգ է եղել, և նրա հիմնադրած  քաղաքները գրեթե միշտ կառուցվել են ուրարտական նախկին ամրոցների տեղում։ Նույնը Արտաշատն է, և մենք այստեղ ցուցադրում ենք քաղաքի տարածքից հայտնաբերված ուրարտական ժամանակաշրջանի առարկաներ», - ասում է Արմինե Զոհրաբյանը։

Ըստ նրա, Արտաշատի պեղումներից գտնվել են նաև ուրարտական և ասորական կնիքներ։ «Միանշանակ կարող ենք ասել, որ մինչև այն հելենիստական քաղաքի տեսք կստանար, այստեղ ուրարտական քաղաք է եղել, որովհետև օտար երկրների կնիքները հենց այնպես չէին գալիս և կարող են փաստել ուրարտական բնակավայրի, որի անունը ցավոք հայտնի չէ, կարևոր առևտրատնտեսական, ռազմավարական նշանակության մասին», - պատմում է նա։

Սակայն այս տարածքի բնակեցումը սկսվել է շատ ավելի վաղ, քան կկազմավորվեր Ուրարտու պետությունը, ինչի մասին է վկայում մ.թ.ա. V հազարամյակով թվագրվող խեցեղենը։

Մեր զբոսավարի խոսքով, հին աշխարհի համար քաղաքի մեծ նշանակության մասին վկայում է Պևտինգերյան քարտեզը, որտեղ ներկայացված են Հայաստանի երկու մայրաքաղաքները՝ Արտաշատն ու Տիգրանակերտը։ Սա IV դարի հռոմեական քարտեզ է, բայց ենթադրվում է, որ այն ավելի հին՝ I դարի Օգոստոս կայսրի ժամանակաշրջանի քարտեզի պատճենն է։

«Երկու մայրաքաղաքները՝ Արտաշատը և Տիգրանակերտը կան այս քարտեզի վրա։ Բացի այն, որ դա ցույց է տալիս այս քաղաքների կարևորությունը, նաև վկայում է հին աշխարհի համար Հայկական թագավորության նշանակալիության, երկրի որոշակի բարձր կարգավիճակի մասին», - ասում է նա. 

Արտաշես Ա արքան հայտնի է իր բարեփոխումներով, որոնց շնորհիվ երկիրը բարգավաճել է։ Ըստ Մովսես Խորենացու, Արտաշեսի ժամանակ Հայաստանում չկար չմշակված ոչ մի հողակտոր։ Ամենակարևոր բարեփոխումներից է հողայինը, որի համաձայն` մասնավոր հողային տնտեսությունների (ագարակների) սահմանները հստակորեն սահմանազատվել են համայնքին պատկանող հողերից: Պատմահայրը վկայում է, թե «Արտաշեսը հրամայել է որոշել գյուղերի և ագարակների սահմանները…, կոփել է տվել քառակուսի քարեր և տնկել հողի մեջ»: Սահմանաքարերից շուրջ քսանը, որ ունեն Արտաշեսի անունով արամեերեն արձանագրություններ, հայտնաբերվել են Հայաստանի տարբեր շրջաններում: Ցուցահանդեսում ներկայացված է դրանցից մեկը։

Ցուցահանդեսի հիմնական նպատակն է ցույց տալ հելենիստական, անտիկ Արտաշատը։ Ցավոք, բազմաթիվ արշավանքների և պատերազմների պատճառով պեղումների ժամանակ միայն կոտրված արձանների բեկորներ են գտնվում։ Բայց անգամ այս բեկորները վկայում են, որ քաղաքը զարդարում էին շքեղ արձաններ։

Այս մարմարե արձանիկը գրականության մեջ կոչվում է Արտաշատի Աֆրոդիտե։ Այն ամենայն հավանականությամբ բերովի է, այդուհանդերձ հաստատում է, որ Արտաշատի վերնախավը բարձր ճաշակ ուներ և քաղաքն ու պալատները զարդարում էր արվեստի գործերով։

«Պատահական չէ, որ հռոմեացի պատմիչները Արտաշատը նկարագրում են որպես փայլուն, շքեղ մի քաղաք, որը աչքի էր ընկնում իր գեղեցկությամբ։ Եվ այդ արձանների բեկորները, որ մենք գտնում ենք, դրա վկայությունն են», - ասում է Արմինե Զոհրաբյանը։

Իսկ սա հաղթանակի աստվածուհու՝ Վիկտորիայի թևերն ու փոքրիկ ոտքն է։ Ավաղ, այս նրբագույն արվեստի գործը ևս տուժել է Արտաշատի դեմ արշավանքներից մեկի ժամանակ։

Որսի տեսարանով կարաս, որից հավանաբար հյուրերին գինի էին մատուցում խնջույքների ժամանակ։

«Այս անոթի վրա որսորդը և իր որսը դեմ դիմաց են, միմյանց են նայում, որը որսի ամենակարևոր օրենքներից մեկն է՝ որսորդը թիկունքից իրավունք չունի խփելու։ Պետք է ամեն ինչ անի, որ կենդանին շրջվի, ոնց որ դա անում է զինվորն իր թշնամու հանդեպ։ Դա զինվորի վեհանձնության, վարքակարգից է բխում»,- պատմում է գիտնականը.

Արտաշատի պեղումներից գտնվել են նաև թանկարժեք մետաղներից տարբեր առարկաներ։ «Այստեղ ցուցադրվում է գլխի պսակը, որը դամբարանից է գտնվել։ Հավանաբար, կաղնու տերևներ են։ Կաղնին կապվում էր Յուպիտեր-Զևսի հետ և քանի որ խոր արմատներ ուներ, կապվում էր հանդերձյալ աշխարհի հետ», - պազաբանում է նա։

Այս ականջողերը գինու և խաղողի Դիոնիսոս աստվածության պատկերով են։

Իսկ այս արծաթե բռնակը սիրո աստված Էրոսն է՝ Աֆրոդիտեի որդին, որն ըստ ավանդության ծնվում է լոտոսից, ձեռքին՝ խաղողի ողկույզ։ 

Թրծակավից կամ տերակոտայից շատ մեծ քանակությամբ արձանիկներ են գտնվել Արտաշատում, ինչը վկայում է քաղաքի հարուստ վերնախավի մասին։ Քաղաքի վերնախավը միայն իշխանավորները չեն, դա և՛ վաճառականներն են, և՛ բարձրակարգ արհեստավորները։ Այդ արձանիկները դրվել են տան մեջ, խորշերում, երկրպագության համար, բայց դրանց մեծ մասը գտնվում է դամբարաններից։ Հիմնականում դա մայր աստվածուհիներն են, կամ մեռնող ու հարություն առնող աստվածները։

Այս ձիավորը Միհր աստվածն է։

Այստեղ կան երաժիշտներ, որոնք հանդերձյալ աշխարհի աստված Հադեսին են խորհրդանշում։

Դիոնիսոսի ուղեկցորդ այծի ոտքերով Սատիրը, որը ևս հանդերձյալ աշխարհի հետ է կապվում։

Շատ հետաքրքիր է այս գիպսե արձանիկը, որը ենթադրաբար Կլեոպատրայի դստեր՝ Կլեոպատրա Սելենի քանդակն է։

Ցուցահանդեսում ներկայացված ճարտապետական դետալները վերջին տարիների պեղումների հայտնագործություններից են։ Ժորես Խաչատրյանի ղեկավարած արշավախումբը Արաքս գետի ափին մի մեծ հռոմեական թաղամաս գտավ՝ հսկայական տաճարով և բաղնիքով։ Ամենայն հավանականությամբ այն կառուցվել է հռոմեացիների կողմից Ներոն կայսրի փողերով։ 

Հայտնի է, որ 58-59 թթ Կորբուլոնի արշավանքի ժամանակ Արտաշատը ավերվել ու հրի է մատնվել, սակայն Հռանդեայի ճակատամարտում պարտությունից (62 թ) հետո Ներոն կայսրը թագադրեց հայոց արքա Տրդատ Ա-ին (66 թ) և ավերված Արտաշատի համար մեծ փոխհատուցում վճարեց, ինչպես նաև այն վերականգնելու համար արհեստավորներ տրամադրեց։

Բաղնիքը՝ դասական հռոմեական թերմա է, հիպոկաուստ համակարգով, հրաշալի խճաքարե հատակով, որը դեռ պետք է վերականգվի։ Այն Գառնու տաճարի բաղնիքից շատ ավելի մեծ է։

Արմինե Զոհրաբյանի խոսքով, վերջին տարիների ամենահետաքրքիր գտածոները կավե կնքադրոշմներն են, որոնք թվագրվում են IV դարով։ Դրանցով և՛ ապրանքներ էին կնքում, և՛՝ փաստաթղթեր։ Քանի որ Արտաշատից հայտնաբերված կնիքները հիմնականում սասանյան արքաների պատկերներով են, պետք է ենթադրել, որ դրանցով կնքվել են կարևոր փաստաթղթեր։

Եգիպտացի ամենագեղեցիկ թագուհիներից մեկի՝ Արսինոյայի պատկերով ապակե գեմման ևս գտնվել է Արտաշատի պեղումների ժամանակ։

Իսկ սա վեգ է (կենդանու ոսկրից պատրաստված) և խաղաքարեր, այնպես որ դեռ հին ժամանակներում մարդիկ մոլեխաղերով էին տարված։

Այստեղ ներկայացված է նաև դրամների մեծ հավաքածու։ Արտաշատում շրջանառության մեջ էին և՛ տեղական հայկական, և՛ պարսկական, և՛ հունական և այն ժամանակ գոյություն ունեցող այլ դրամներ։ Արտաշատն իր քաղաքային դրամն ուներ, որի վրա գրված էր «Արտաշատ մայրաքաղաք»։

Հետաքրքիր է Էրատո թագուհու պատկերով պղնձե դրամը, որի դարձերեսին պատկերված են Արտաշատի դարպասները։

Հարկ է նշել, որ կնիքների և դրամների մի մասը գտնվել է դամբարաններից։ Արմինե Զոհրաբյանի խոսքով, դրամները կիրառվում են թաղման ծեսում, քանի որ խորհրդանշում են հարստություն, լիություն և առատություն, ինչպես նաև պտղաբերություն։ Դրամը իր մեջ նաև սերմի գաղափարն է պարունակում, որը ցանում են հողի մեջ բազմանալու նպատակով։

Ըստ գիտնականի, Հայաստանի անտիկ դամբարաններում դրամը գտնում են հանգուցյալների բերանի, հազվադեպ՝ ձեռքի մեջ։ Հոգին դուրս  է գալի բերանից, և պետք է, որ մինչև մարմինը լքելը այն բախվի սակրալ նշանակության առարկայի հետ։ Հավանական է, սա հունական պատկերացումների արտացոլումն է՝ այսինքն, դրամը Քարոնի վճարն է անդրաշխարհ գնալու համար։ Բայց քանի որ Հայաստանի դամբարաններից գտնվում են բոլոր երկրների դրամներ, ոչ միայն հունական, հնարավոր է, թաղման ժամանակ դրամ դնելը շատ ավելի հին պատկերացումների արտահայտություն է՝ դա զոհաբերություն է աստվածներին։

Հետաքրքիր է կնիքների կիրառությունը թաղման ծեսում։ Կնիքների առկայությունը դամբարանում խոսում է հանգուցյալի բարձր կարգավիճակի մասին։ Մեծ նշանակություն ունի նաև կնիքի քարը։ Մասնավորապես, դամբարաններից շատ են գտնվել կիսաթանկարժեք քարերից գեմմաներ, հիմնականում՝ սերդոլիկից, որը կարմիր գույն ունի և խորհրդանշում է արյուն և հարություն։ Ըստ գիտնականի, կնիքն իր փոս ընկած կողմով խորհրդանշում է հանդերձյալ աշխարհը։

Հետաքրքիր է, որ վեգն ու խաղաքարերը ևս դամբարանից են։ «Վեգերը կամ ճաները օգտագործվել են որպես փող մինչև դրամի հանդես գալը, որից ծագել է զառը։ Վեգը խաղերի ժամանակ է օգտագործվել, բայց սզկբնական շրջանում շատ մեծ մոգական նշանակություն է ունեցել, կապվել է ճակատագրի հետ, և միգուցե թաղման ծեսի ժամանակ վեգը նետելը կանխորոշել է մահացածի ապագան այն աշխարհում», - ասում է Արմինե Զոհրաբյանը։

Այսօր Արտաշատի պեղումները շարունակում է հայ-գերմանական համատեղ արշավախումբը Մկրտիչ Զարդարյանի գլխավորությամբ։ Հնագետների աշխատանքը մեծ դժվարությունների է բախվում, քանի որ հին քաղաքի տարածքը այսօր բնակեցված է՝ նրա տեղում գտնվում է 5 գյուղ՝ իրենց գերեզմանոցներով։ Անցյալ տարի գիտնականները մեծ ջանքերի գոծադրումից հետո կարողացան հետազոտություններ անցկացնել մի մասնավոր տան տարածքում, և գիտնականները ենթադրում են, որ այնտեղ ուրարտական շրջանի պալատի փլատակներ կան։

Հին հայոց մայրաքաղաքի պահպանման, ինչպես նաև ողջ այդ տարածքում հետազոություններ իրականացնելու նպատակով կառավարություն է ներկայացվել մի նախագիծ, որով առաջարկվում է Արտաշատին տալ պետական արգելոցի կարգավիճակ։

«Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» ցուցահանդեսը կգործի Պատմության թանգարանում մինչև մայիսի վերջ։

Անահիտ Սարգսյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ