News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 25
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

Վերջին շրջանում գիտական հանրության համար բավական սուր է դարձել բնագիտական ֆակուլտետներում ուսանողների պակասի խնդիրը: Բանն այն է, որ 2022 թվականից գիտության ֆինանսավորման ավելացման արդյունքում մի շարք նոր դրամաշնորհային ծրագրեր են հայտարարվել, որոնք ուղղված են երիտասարդներին գիտության մեջ ներգրավելու և նրանց աջակցելու համար։ Եվ գիտական հիմնարկները, որոնց հիմնական խնդիրը տարիներով եղել է թերֆինանսավորումը, այժմ բախվել են այլ խնդրի․ գումարը կա, բայց չկան ուսանողներ, որոնցից կարելի է գիտնականներ պատրաստել։

Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը խնդիրն ընդունում է, և նշում, որ կառավարությունը և համալսարանը ֆիզիկայի ֆակուլտետին բավարար տեղեր հատկացնում են, ուղղակի ֆիզիկա սովորելու ցանկացողներն են քիչ։ Այսպես, 2021-2022 ուսումնական տարում ֆիզֆակի բակալավրիատին բոլոր բաժիններում հատկացվել է 127 տեղ, որոնցից 47-ը՝ պետպատվերով։ Բայց առաջին կուրսում ընդամենը 73 ուսանող է սովորում։ Ըստ դեկանի, նույն պատկերն է նաև այլ բնագիտական ֆակուլտետներում։

Մագիստրատուրայում ընթացիկ տարում 60 տեղ կա (որոնցից 12-ը՝ անվճար), բայց սովորում են 13-ը։ Ընդհանուր առմամբ մագիստրատուրայի երկու կուրսում կա 25 ուսանող։ Միայն առաջատար հետազոտությունների աջակցության ծրագրի շրջանակում մոտ 20 գիտական խումբ ստացել է դրամաշնորհ ֆիզիկայից։ Նրանցից յուրաքանչյուրը կարող է ներգրավել հետազոտությունների մեջ երկուական ուսանող, այսինքն, արդեն անհրաժեշտ է 40 մագիստրոս։ Դրան գումարած այն, որ մասնագիտություններով բաշխվածությունը համաչափ չէ (ուսանողները մասնագիտացումն ընտրում են իրենց ցանկությամբ), և ֆիզիկայի որոշ ճյուղերով մագիստրոսներ ուղղակի չկան։ ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարությունն ինքն է այդ պատճառով խնդրի բախվել եվրոպական համալսարանների հետ միջազգային պայմանագրերի կատարման հարցում։ Օրինակ, Բելգիայի Բաց համալսարանի հետ պայմանագրով ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրոսները կարող են մեկ տարի Բելգիայում ուսանել ֆոտոնիկա։ Այս տարի այդ մասնագիտացմամբ ուսանող չկա։

Ռաֆիկ Հակոբյանը առաջարկում է բոլոր շահագրգիռ կազմակերպություններին աշխատել ուսանողների հետ դեռ առաջին կուրսից, որովհետև 3-4-րդ կուրսերում նրանք արդեն աշխատում են, հիմնականում՝ ՏՏ ընկերություններում։ Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների պահանջարկն, ըստ նրա, մեծ է ոչ միայն զուտ գիտության բնագավառում, այլև ՏՏ ոլորտում, ռազմաարդյունաբերական համալիրում և այլն։ Որովհետև, դեկանի խոսքով, ֆիզիկոսներն ունեն յուրահատուկ մտածելակերպ, լայն մտահորիզոն։ Այնպես որ, նա կարծում է, որ ֆիզֆակ պետք է ընդունել շատ ուսանողներ, և եթե նրանք իրենց հետագայում կդրսևորեն բիզնես կամ ՏՏ ոլորտում, լավ եկամուտով, ապա դա կլինի հաջողություն իրենց համար։ Իսկ եթե մնան գիտության ոլորտում, ապա պետությունը ևս կշահի։ Շատերը, նրա խոսքով, կգերադասեն մնալ գիտության մեջ, եթե ունենան նորմալ աշխատավարձ, որով հնարավոր է ընտանիք կազմել և ապահովել այն։ Անգամ եթե այդ աշխատավարձը ծրագրավորողի աշխատավարձից քիչ լինի, որովհետև ծրագրավորողի աշխատանքը մի քիչ մեխանիկական է, միապաղաղ, իսկ ֆիզիկոսներին երևակայության թռիչք է հարկավոր։

Այժմ փորձում են ֆիզիկայի ֆակուլտետ ուսանողների ներհոսքն ապահովել նոր, ժամանակակից և հեռանկարային բաժիններ բացելով։ Այսպես, մի որոշ ժամանակ ֆիզիկայի ֆակուլտետում, «ֆիզիկա» մասնագիտությանը զուգահեռ, գործում էր տեխնոլոգիական ոլորտի համար մասնագետներ պատրաստող «կիրառական ֆիզիկա և մաթեմատիկա» մասնագիտությունը, որը անհայտ պատճառներով փակվեց։ Տասնամյակներ շարունակ ֆիզիկայի ֆակուլտետում  գործում է նաև «ատոմային ռեակտորների ֆիզիկա» մասնագիտությունը։ Բայց, ինչպես նշում է Ռաֆիկ Հակոբյանը, թեև Հայաստանը զարգացած և պահանջված ատոմային էներգետիկա ունի, այդ մասնագիտությունը պահանջարկ չունի ուսանողների շրջանում։ Ֆակուլտետին լուրջ ներհոսք՝ ինչպես քանակական, այնպես էլ՝ որակական, ապահովեց տվյալագիտության և արհեստական բանականության բաժնի բացումը։ Անշուշտ, արհեստական բանականության և տվյալների վերլուծության մասնագետներ անհրաժեշտ են տարբեր ոլորտներում, այդ թվում և ֆիզիկայում, բայց ուսանողների պակասի խնդիրը զուտ գիտության ոլորտում այդ բաժինը, այնուամենայնիվ, մասամբ է լուծում։

Ֆիզիկայի ֆակուլտետի դեկանը այլ քայլեր ևս ձեռնարկում է, մասնավորապես, աշխատանք է տարվում դպրոցականների հետ։ Ռաֆիկ Հակոբյանը բարձրկուրսեցիների հետ այցելում է հանրապետության դպրոցները, այդ թվում՝ հեռավոր շրջանների, փորձելով աշակերտների մեջ հետաքրքրություն արթնացնել ֆիզիկայի հանդեպ։ Նա նաև առցանց դասախոսություններ է կազմակերպում հայտնի ֆիզիկոսների մասնակցությամբ, այդ թվում՝ սփյուռքից։ Նախապատրաստական ֆակուլտետը համալսարանում վաղուց են փակել, և հիմա ֆիզիկայի ֆակուլտետի դասախոսները անվճար պարապմունքներ են անցկացնում դիմորդների հետ, այդ թվում առցանց՝ շրջանների երեխաների համար։ «Քվանտ» վարժարանի և Երևանի ֆիզիկամաթեմաթիկական դպրոցի հետ պայմանավորվածություն կա բարձրդասարանցիներին հետազոտական աշխատանքների մեջ ներգրավելու հարցով։ Իսկ հաջորդ տարի ծրագրվում է բացել Երևանի պետական համալսարանի բնագիտական քոլեջը։

Ռաֆիկ Հակոբյանի կարծիքով, Հայաստանի դպրոցականների հետաքրքրությունը ֆիզիկայի հանդեպ կտրուկ նվազեց այն բանից հետո, երբ այն դադարեց լինել քննական առարկա մի շարք մասնագիտությունների գծով։ Առաջինը ֆիզիկայի ընդունելության քննությունից հրաժավեց Հայաստանի Ամերիկյան համալսարանը, դրան ստիպված հետևեցին ԵՊՀ մաթեմատիական ֆակուլտետները, ինչպես նաև բժշկական և ճարտարագիտական համալսարանները՝ մրցակցությանը դիմանալու համար։ Անգամ ֆիզիկայի ֆակուլտետ ընդունվելու համար ֆիզիկայի քննությունը պարտադիր չէ, բայց հաջորդ տարվանից Ռաֆիկ Հակոբյանը մտադիր է շտկել այդ բացը։

Արդյունքում, դպրոցականներն ընկալում են ֆիզիկան որպես ոչ կարևոր առարկա դեռ այդ առարկայի ուսումնասիրությունը չսկսած։ Նրանք ֆիզիկան խորացված չեն անցնում, որպեսզի հասկանան, դուր է գալիս այն, թե՝ ոչ։ Այդ պատճառով հանրապետությունը կորցնում է պոտենցիալ ֆիզիկոսներին, կարծում է Ռաֆիկ Հակոբյանը։

Եվս մեկ խնդիր են ֆիզիկայի ուսուցիչները, նրանց պատրաստավածության մակարդակը, ինչպես նաև նրանց ուղղակի բացակայությունը հեռավոր շրջաններում։ Դեկանն առաջարկում է ֆիզիկայի ուսուցիչների համար վերապատրաստման նման մի բան կազմակերպել․ ցույց տալ և բացատրել, թե ինչպես մատուցել բարդ թեմաները, լուծել բարդ խնդիրները և այլն։ Այն որ, ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտները մանկավարժի որոկավորում չունեն, և դպրոցում դասավանդելու համար ինչ-որ կուրսեր պիտի անցնեն (ընդ որում, վճարովի), դեկանը ևս մի արհեստական խոչընդոտ է համարում դպրոցում ֆիզիկայի դասավանդման մակարդակի բարձրացման ճանապարհին։

Ինքը՝ Ռաֆիկ Հակոբյանը, ևս ղեկավարում է գիտնականների խումբ, որը դրամաշնորհ է շահել առաջատար հետազոտությունների աջակցության ծրագրի շրջանակում։ Այդ խմբի հետազոտության թեման է․ «Հեղուկ բյուրեղային ալիքաթիթեղներ օպտոմեխանիկական և օպտոէլեկտրոնային արդյունաբերության համար»։

Ինչպես պարզաբանեց գիտնականը, «հեղուկ բյուրեղ» արտահայտությունն առանց այն էլ տարօրինակ էր հնչում, իսկ այժմ պարզվել է, որ կան նաև «պինդ հեղուկ բյուրեղներ»։ «Հեղուկ բյուրեղները  հեղուկներ են, որոնք ունեն բյուրեղների անիզոտրոպ հատկություններ։ Պինդ հեղուկ բյուրեղները նույն հատկություններն ունեն, բայց նրանք ռետինի փափուկ առանձգականություն ունեն։ Մենք զբաղվում ենք այդ նյութերի առաձգականության և օպտիկական հատկություններով, և պլանավորում ենք տարբեր օպտիկական տարրեր ստեղծել․ բեևեռացուցիչներ, պրիզմաներ, ոսպնյակներ, λ/2 և λ/4 թիթեղներ և այլն։ Դա հնարավորություն կտա ստեղծել շատ փոքր չափերի օպտիկական սարքեր, օրինակ, շատ բարակ լուսանկարչական ապարատներ», - պարզաբանեց նա։

Այժմ Ռաֆիկ Հակոբյանի խմբում ընդգրկված են ֆիզմաթ գիտությունների դոկտոր Ռոմա Ալավերդյանը, թեկնածուներ Գևորգ Գրիգորյանն ու Մարիամ Հակոբյանը, և ասպիրանտ Մաքսիմ Սարգսյանը։ Նրա առջև էլ է ծառացած խնդիրը, թե հաջորդ տարվանից որտեղից երկու ուսանող վերցնել։ Նա մտածում է, որ կարելի է ներգրավել ուսանողներ քիմիայի ֆակուլտետից, քանի որ պինդ հեղուկ բյուրեղներ ստանալու համար նաև քիմիկոսներ են պետք։

Անահիտ Սարգսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ