News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարության տված տվյալները սուտ են, չեն համապատասխանում իրականությանը, ես ներկա չեմ եղել այդ ցույցին, որ իրենք նշում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչպետի աշխատակազմի պարզաբանմանը, թե ինչու է արգելվել իր մուտքը Հայաստան:

«Պարզապես, պատրվակ են փնտրում: Մի քանի օր առաջ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ չեն կարող նշել պատճառները, թե ինչու են արգելել իմ մուտքը Հայաստան, որովհետեւ այդ պատճառները վերաբերում են իմ անձնական կյանքին եւ այսօր վարչապետի աշխատակազմը ուրիշ տարբերակ է հրամցնում ժողովրդին, իբր ես մասնակցել եմ, կազմակերպել եմ Փարիզում 2021 թվականի հունիսի 1-ի վարչապետի դեմ ցույցը:

Դա սխալ է, թող փաստեր բերեն, եթե փաստեր ունեն: Ես չեմ ընդունում, որ այսպես իշխանություններն աղավաղեն իրականությունը եւ ամեն օր սուտ են խոսում: Այլեւս բավական է»,-ասաց նա:

Հարցին, թե այդ դեպքում ինչու է վարչապետի աշխատակազմը նման պարզաբանում տարածել, Մուրադ Փափազյանն արձագանքեց. «Պատրվակներ են փնտրում, չունեն լուրջ պատճառ իմ մուտքը Հայաստան արգելելու համար: Միայն չեն ընդունում ընդդիմադիրներին թե ներսում, թե դրսում, չեն ընդունում, որ իմ նման մարդը ընդդիմադիր լինի եւ քննադատի վարչապետի մոտեցումները Հայաստանի ապագայի, Ադրբեջանի հետ հարաբերությունների, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Սփյուռքի հանդեպ այն ճնշումները, որ փորձում են բանեցնել Զարեհ Սինանյանի միջոցով, փորձելով տկարացնել Սփյուռքը, տկարացնել Հայաստանը: Այսօր պետք է արթնանալ եւ հասկանալ, որ այս իշխանությունները տկարացնում են հայկական աշխարհը: Տկարացնելով Սփյուռքը տկարացնում են Հայաստանը եւ հակառակը, ի վերջո, ի նպաստ Ադրբեջանի եւ Թուրքիայի»:

Ավելի վաղ այսօր վարչապետի աշխատակազմը պարզաբանում էր տարածել այս խնդրի վերաբերյալ՝ նշելով, որ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «գ» և «զ» կետերը:

«Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում»,-ասված է պարզաբանման մեջ:

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը պարզաբանել է, թե ինչու է արգելվել Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ