News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը վերջին 14 տարվա մեջ առաջին անգամ հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչը երկար ու դառը պառակտումից հետո երկու տարածաշրջանային տերությունների միջեւ հարաբերությունների ջերմացման վերջին նշանը դարձավ:

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի գրասենյակը հայտնել է, որ նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։

Հանդիպմանը Լապիդն ասել է, որ «հավանություն է տալիս» երկրների միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնմանը եւ այս շաբաթ Թուրքիայում Իսրայելի նոր դեսպանի նշանակմանը:

Այն, որ Լապիդը՝ Իսրայելի ժամանակավոր վարչապետը մինչեւ նոյեմբերին կայանալիք նոր ընտրությունները, ջերմորեն ողջունում է Էրդողանին, կարող է նպաստել նրա դիվանագիտական ​​հեղինակության ամրապնդմանը՝ որպես Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի այլընտրանք: Նեթանյահուն իրեն որպես համաշխարհային մակարդակի պետական ​​գործիչ է դիրքավորում, սակայն Թուրքիայի հետ հարաբերությունները վատթարացել են նրա պաշտոնավարման ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում, նշում է AP-ն։

Էրդողանը հարաբերությունները ջերմացնելու պատրաստակամություն էր ցուցաբերել անցյալ տարի Նեթանյահուի պաշտոնից հեռանալուց հետո: Տարիներ շարունակ լարված հարաբերությունների ընթացքում Էրոդգանը պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի քաղաքականության բացահայտ քննադատն է եղել: Իսրայելն իր հերթին դեմ է Թուրքիայի կողմից ՀԱՄԱՍ-ին աջակցելուն։

Տարածաշրջանային երբեմնի մերձավոր դաշնակիցները հետ են կանչել իրենց դեսպաններին 2010 թ. այն բանից հետո, երբ իսրայելական ուժերը գրոհեցին Գազա մեկնող նավատորմը, որը կոտրել էր Իսրայելի շրջափակումը: Միջադեպի հետեւանքով սպանվել էր ինը թուրք ակտիվիստ։

Սակայն Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի՝ մարտին Թուրքիա կատարած պետական ​​այցից եւ ջերմացման այլ նշաններից հետո երկու երկրները պայմանավորվեցին կրկին դեսպաններ փոխանակել:

Նյու Յորքում հանդիպման ժամանակ Լապիդը շնորհակալություն է հայտնել Էրդողանին հետախուզական համագործակցության համար՝ «Թուրքիայում ահաբեկչական հարձակումներ իրականացնելու Իրանի փորձերին դիմակայելու հարցում եւ բարձրացրել է անհետ կորած եւ գերի ընկած իսրայելցիների հարցը»:

Ղեկավարները քննարկել են նաեւ համագործակցությունն էներգետիկայի ոլորտում։ Էրդողանը հետաքրքրություն է հայտնել, որպեսզի Թուրքիան օգտագործի Իսրայելի բնական գազի հանքավայրերը Միջերկրական ծովում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ