Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանը, ով, ըստ «Չենք լռելու» նախաձեռնության, օգոստոսի 11-ին ծննդաբերության համար իրենց մոտ տեղափոխված, Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղի մի կնոջ հարազատներին հորդորել էր մի քիչ էլ սպասել, մինչեւ ինքը իր բուրդը չփխի ու գա ծնունդն ընդունելու, արձակուրդ է վերցրել, այժմ գտնվում է տանը եւ սպասում է հանձնաժողովի եւ դիահերձման արդյունքներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց հենց բժշկուհին:

Մետաքսյա Հովհաննիսյանը նշեց, որ ինքն է արձակուրդ վերցրել հոգեկան ծանր վիճակից դուրս գալու համար: «Գիտեք, երբ 30 տարվա մասնագետի վաստակի վրա մի օրում ողջ հանրապետությունով մեկ ցեխ է շպրտվում, այն էլ` մի ալկոհոլիկի պիտակով հայտնի մարդու կողմից, ես չեմ հասկանում, թե եթե դուք լինեիք իմ տեղը, ինչպիսի հոգեվիճակում կլինեիք: Ինձ ճանաչողները գիտեն` ով եմ ես, բայց հեռու շրջաններում չգիտեն: Եթե մի ալկոհոլիկ (նկատի ունի մահացած նորածնի հորը-NEWS.am) ինձ զրպարտում է, որ ոչ մի լավ բան չի արել էս ժողովրդի համար, ոնց կարելի է` 30 տարի չքնած բժշկին մի օրում այդպիսի վիճակի հասցնել»,- այսպես բացատրեց նա իր ընկճված լինելու հանգամանքը:

Բժշկուհին հերքեց լուրերը, որ երեխայի հայրն իրեն խփել է: Այնուհանդերձ, Մետաքսյա Հովհաննիսյանն անհանգստանում է իր անվտանգության համար եւ այդ մասին հայտնել է ոտիկանությանը: Նրան համապատասխան հեռախոսահամարներ են տրամադրել, որ ինչ-որ բան նկատելիս զանգի:

Մետաքսյա Հովհաննիսյանը շարունակում է իրեն անմեղ համարել. «Ես` որպես գինեկոլոգ, ոչ մի բժշկական սխալ թույլ չեմ տվել, ես երեխային կենդանի վիճակում ազատել եմ եւ կենդանի հանձնել եմ նորածնային բժշկուհուն: Դրանից հետո ես այլեւս ոչ մի պատասխանատվություն չունեմ երեխայի հանդեպ: Ուրիշ բան, որ երեխան մահացած դուրս գար, բայց ես երեխային կենդանի ազատել եմ եւ հանձնել համապատասխան մասնագետին: Երեխան ծնվել է պորտալարի եռակի փաթաթումով` թթվածնային քաղցի մեջ, բայց մենք կարողացել ենք այդ երեխային կենդանի հանել արգանդի խոռոչից: Ես 30 տարվա մասնագետ եմ եւ եթե երեխան կենդանի է մնացել, դա ինչ-որ տեղ իմ փորձի շնորհիվ է: Հնարավոր է, որ մի երիտասարդ մասնագետ ընդհանրապես չկարողանար երեխային հանել այնտեղից»,- նշեց Մետաքսյա Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է երեխայի թոք չունենալուն, ինչի մասին ըստ երեխայի հարազատների, ասել է բժշկուհին, նա նշեց, որ դրանք անհիմն հայտարարություններ են: «Ինչպե՞ս կարող է մարդ ծնվի առանց թոքի»: Նրա հավաստմամբ` երեխայի մահը իր հետ կապված չէ, ծնունդն ընդունելուց հետո իր գործն ավարտվում է եւ պատասխանատվությունն ընկնում է նեոնոտոլոգի վրա: Ի՞նչ նկատի ունի բժշկուհին այս խոսքերն ասելով, արդյոք նա մեղադրո՞ւմ է իր կոլեգիաներին, հարցին, նա արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ սխալվել են, մեր բժիշկները Վայքում եղած հնարավորությունների չափով օգնություն են ցույց տվել երեխային»:

Նրա խոսքով` դեռեւս քրեական գործ դեռեւս չի հարուցվել, նյութեր են նախապատրաստվում: «Քրեական գործ կհարուցվի այն ժամանակ, երբ բացասական պատասխաններ կլինեն, այսինքն` ես բժշկական սխալ թույլ տված կլինեմ: Քրեական գործ կհարուցվի, երբ գա հանձնաժողովի եւ դիահերձման երզրակացության տվյալները»,- նշեց բժշկուհին, ով երեւի դեռ տեղյակ չէր, որ արդեն քրեական գործ հարուցվել է, որի մասին հաղորդագրություն է տարածել գլխավոր դատախազությունը:

Ավելի վաղ «Չենք լռելու» նախաձեռնությունը տեսագրություն էր տարածել որում երեխայի հարազատները պատմում էին, թե օգոստոսի 11-ին ծննդաբերության հատկանիշներով Վայքի հիվանդանոց են տեղափոխել մի կնոջ եւ սպասում են բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին: Վերջինս հայտարարել էր, թե դիմացեք, մինչեւ բուրդս չփխեմ-գամ: Երեխայի հարազատների փոխանցմամբ, բժշկուհին ցուցում է տվել անալգին եւ դեմիդրոլ սրսկել, ինչն էլ բարդությունների է հանգեցրել: Երեխային տեղափոխել էին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Նորածնային եւ մանկական վերակենդանացման կլինիկա: Բժշկուհու գործունեությունը ներկայումս կասեցվել է, Հայաստանի առողջապահության նախարարությունը ստուգումներ է իրականացնում Վայքի հիվանդանոցում: Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Հայաստանի ոստիկանությունը նյութեր էր նախապատրաստում Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանի դեմ: «Օգոստոսի 31-ին, ժամը 17-ին ոստիկանության Վայքի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ օգոստոսի 14-ին Գնդեվազ գյուղի 20-ամյա բնակչուհու ծննդաբերության ընթացքում մանկաբարձ-գինեկոլոգ, 54-ամյա Մետաքսյա Հ-ն իր մասնագիտական պարտականությունները ճիշտ չի կատարել, ինչն էլ ազդել է նորածնի առողջական վիճակի վրա: Ոստիկանության Վայոց ձորի քննչական բաժնում նախապատրաստում են նյութեր Մետաքսյա Հ-ի կողմից հիշյալ ծննդաբերության ընթացքում իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ»,- ասված էր ոստիկանության հաղորդագրության մեջ: Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ  գլխավոր դատախազի տեղակալի ցուցումով ոստիկանության Վայոց Ձորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով (Բժշկակական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):