
Բելգրադն ակնկալում է ադրբեջանական գազ գնել սկսել 2024 թվականի սկզբին, հայտարարել է Սերբիայի հանքարդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Դուբրավկա Ջեդովիչը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
«Հարավային գազային միջանցքի նախագծին Սերբիան ավելի ուշ փուլում է սկսել առավել ակտիվ մասնակցել, բայց մենք արագորեն աշխատում ենք այս երթուղու մաս դառնալու ուղղությամբ: Դա մեզ թույլ կտա դիվերսիֆիկացնել գազի մատակարարման մեր աղբյուրները եւ ապահովել դրանց ավելի մեծ անվտանգությունը»,- ասել է Ջեդովիչը Բաքվում Հարավային գազային միջանցքի հարցերով խորհրդատվական խորհրդի նախարարների հանդիպման ժամանակ:
Նրա հայտարարությունը մեջբերում է Սերբիայի հանքարդյունաբերության նախարարության կայքը։
Ջեդովիչի խոսքով՝ Բուլղարիա-Սերբիա գազային փոխկապակցման շինարարությունը կավարտվի 2023 թվականի աշնանը։
«Գազի առաջին մատակարարումները (մենք սպասում ենք 2024 թվականի սկզբին, ինչը նույնպես կախված է բոլոր շահագրգիռ կողմերի առեւտրային բանակցությունների արագությունից: Մենք հույս ունենք բանակցությունների առավելագույն արդյունավետության, որպեսզի Ադրբեջանից գազը հնարավորինս շուտ հասնի Սերբիա»,- ասել է նախարարը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սերբիան Ադրբեջանից մատակարարումների հաշվին նախատեսում է փակել գազի իր կարիքների մինչեւ 40%-ը։