Անիի կամուրջի վերականգնումը սիմվոլիկ բնույթ է կրելու, այն չի օգտագործվի ուղեւորափոխադրումների կամ բեռնափոխադումների համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը՝ խոսելով Անիի կամուրջը վերականգնելու հայտարարությանը:
«Նախ մոտեցման ավտոճանապարհներ չկան երկու կողմից, երկրորդ Արեւմտյան Հայաստանի կողմից, այսինքն Թուրքիայի կողմից այնտեղ Անի մայրաքաղաքն է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրանցված հուշարձան է, որը հնարավոր չէ այլ նպատակնորով օգտագործել,նաեւ նպատակահարմար չէ, քանի որ ուրիշ ճանապարհներ կան: Այսինքն եթե այն վերականգնվի, կլինի սիմվոլիկ, նաեւ կարող է օգտագործվել այնտեղ հաճախող զբոսաշրջիկների համար կամուրջ»,-ասաց նա:
Քորթոշյանը նշեց, որ հարյուրավոր տարիներ է, ինչ Անիի կամուրջը ավերված է, այն օգտագործվել է, երբ Անին Հայաստանի մայրաքաղաքն էր:
Նշենք, որ Անիի կամուրջը կառուցվել է 10-11-րդ դարերում, Ախուրյան գետի վրա:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թուրքիա այցի ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիայի հետ կա համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաեւ հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ:
Այնուհետեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Անիի կամրջի էսքիզային նախագիծը դեռ ահագին երկար ժամանակ առաջ պատրաստել են, սակայն ՀՀ ԱԳՆ-ն ըստ էության հերքեց վարչապետին՝ հայտնելով, որ մշակվում է Անիի կամրջի էսքիզային տարբերակը։ Հիմնական նախագծի կազմման նպատակով դիտարկվելու է մասնագիտական հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը: