News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Սույն թվականի ապրիլի 23-ին ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը մեկնարկեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության բակում բացված «Գիտություն» ցուցահանդեսով, որին ներկայացված են ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունները, ՀՀ պետական խոշոր ԲՈՒՀ-երը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու ԳԱԱ գործընկերները: Ցուցահանդեսի մասնակիցներին ողջունեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

06.jpg (703 KB)

ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից հեռացած ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Վանիկ Զաքարյանի, Յուրի Ալեքսանյանի, Գևորգ Բաղդասարյանի, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռաֆիկ Եդոյանի հիշատակը։

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը իր զեկույցում նշեց, որ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԳԱԱ համակարգում աշխատում է 3522 մարդ, այդ թվում՝ 2239-ը գիտաշխատող, որոնցից 277-ն ունեն գիտությունների դոկտորի, 1028-ը՝ թեկնածուի գիտական աստիճան: ԳԱԱ կազմակերպություններում ներկայում սովորում է 68 ասպիրանտ:

05.jpg (549 KB)

Ներկայացնելով 2023 թվականի գիտական գործունեության հիմնական արդյունքները, ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ 2023 թվականին տպագրվել է 1528 հոդված գրախոսվող ամսագրերում, որից 670-ն՝ արտասահմանում, 171 մենագրություն և ժողովածու, որից 19-ն՝ արտասահմանում։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականի համեմատ 2023 թվականին նկատվում է հրապարակումների 3-5% աճ։

Խոսելով ՀՀ ԳԱԱ ֆինանսավորման մասին՝ Աշոտ Սաղյանը նշեց, որ ԳԱԱ բյուջետային և արտաբյուջետային ընդհանուր ֆինանսավորումը 2023 թվականին կազմել է 15 միլիարդ 445 միլիոն դրամ, ինչը 2022 թվականի համեմատ նվազել է մոտ 10%-ով: «ԳԱԱ ֆինանսավորման ընդհանուր ծավալները 2019-2023 թվականներին աճել են 54%-ով, ընդ որում, բյուջետային ֆինանսավորման ծավալներն աճել են 65%»,- ասաց Աշոտ Սաղյանը։

2023 թվականին իրականացվել է 45 բազային ֆինանսավորման ծրագիր, 6 նպատակային ֆինանսավորման ծրագիր, 292 Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհային թեմատիկ ծրագիր, 192 տնտեսական պայմանագրային ծրագիր: 2023 թվականին ԳԱԱ ինստիտուտների կողմից կազմակերպվել են 72 միջազգային գիտաժողով, սիմպոզիում և այլ միջոցառումներ: Իրականացման ընթացքում են 77 միջազգային դրամաշնորհային ծրագրեր, այդ թվում` «Հորիզոն Եվրոպա» ծրագրի և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի 5-ական նախագծեր:

Իր ելույթում ՀՀ ԳԱԱ նախագահը, անդրադառնալով ԳԱԱ կիրառական գործունեությանը, նշեց․ «Պետք է փաստենք, որ կիրառական գործունեությունը համարվում է Գիտությունների ազգային ակադեմիայի, և, ընդհանրապես, հայկական գիտության զարգացման թույլ կողմերից մեկը։ 2023 թվականի ընթացքում ԳԱԱ կազմակերպությունները ստացել են ընդամենը 13 արտոնագիր: Իհարկե, գիտական արդյունքների հետագա առևտրայնացումը կախված է ոչ միայն հետազոտության առանցքը հանդիսացող գաղափարի արդիականությունից, այլ նաև ներդրման համար անհրաժեշտ կադրային, ֆինանսական, իրավական և տնտեսական ռեսուրսների առկայությունից, ինչպես նաև շուկայական պահանջարկից և շուկայում մրցունակ լինելուց: Այդ շղթայի տարբեր օղակների արդյունավետ փոխգործակցության բացակայությունը լուրջ խոչընդոտ է հանրապետությունում գիտական ներդրումային ծրագրերի զարգացման համար։ Հայաստանում կիրառական գիտության արդյունավետության զարգացման անհրաժեշտության վերաբերյալ պետական գերատեսչությունների անտարբերությունն անընդունելի է։ Արձանագրենք, որ վերջին երեք տարիների ընթացքում պետական գերատեսչությունների կողմից պահանջարկով պայմանավորված որևէ պատվեր չի իջեցվել Գիտությունների ազգային ակադեմիային»։

018.jpg (548 KB)

2023 թվականին ԳԱԱ-ն շարունակել է միջազգային համագործակցությունն արտասահմանյան գիտական կառույցների և գիտությունների ակադեմիաների հետ: Ստորագրվել են գիտական համագործակցության պայմանագրեր Չեռնոգորիայի, Մոլդովայի, Իրանի, Չինաստանի գիտությունների ակադեմիաների հետ։ 2024 թվականին ստորագրվել են պայմանագրեր Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի, Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ:

ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում կտրուկ ակտիվացվել է ակադեմիայի գործունեությունը գիտության հանրամատչելիացման ուղղությամբ։ Կազմակերպվում են գիտության հանրայնացմանն ուղղված միջոցառումներ՝ երիտասարդական դպրոցներ, ԲՈՒՀ-երի ուսանողների և ավագ դպրոցների աշակերտների համար գիտահանրամատչելի սեմինարներ, գիտության փառատոններ, հարցազրույցներ ակադեմիայի առաջատար գիտնականների հետ, հեռուստահաղորդումներ, դասախոսություններ մարզերում։ «Գիտահանրամատչելի սեմինարների շարքում կուզենայի առանձնացել Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ՝ Օգանեսոն քիմիական տարրի հայտնաբերող, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանի հանդիպումը Քիմիայի միջազգային 57-րդ օլիմպիադայի հաղթողների ու դպրոցականների հետ, ինչը մեծ արձագանք ստացավ աշակերտների շրջանում»,- ասաց Աշոտ Սաղյանը։

ՀՀ ԳԱԱ նախագահը խոսեց նաև ՀՀ ԳԱԱ նոր նախաձեռնությունների մասին, դրանցից առանձնացնելով գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառին վերաբերող հարցերի քննարկման բաց հարթակի, գիտական և գիտատեխնոլոգիական խոշորամասշտաբ ծրագրերի մշակման հարթակի, մասնագիտական պրոբլեմային խորհուրդների գործունեությունը և «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակի» հիմնումը։

«ԳԱԱ-ի առաջարկվող արդիականացումը, գործառույթների վերոնշյալ վերասահմանումն ու նոր անդամների ընտրությունները թույլ կտան նոր բովանդակություն ու որակ հաղորդել ակադեմիայի գործառույթներին՝ դարձնելով դրանք մեր ժամանակների ակադեմիայի հենքը», – նշեց Սաղյանը։

ՀՀ ԳԱԱ 2023 թվականի գիտակազմակերպական գործունեության մասին զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը։

«2023 թվականին ԳԱԱ ինստիտուտները կազմակերպել և անցկացրել են 72 միջազգային և 86 հանրապետական գիտաժողով: ԳԱԱ համակարգի գիտահետազոտական կազմակերպություններն իրականացրել են գիտական և գիտատեխնոլոգիական աշխատանքներ 6 նպատակային-ծրագրային, 45 բազային, 192 տնտեսական պայմանագրային և 292 թեմատիկ դրամաշնորհային, այդ թվում՝ 77 միջազգային թեմատիկ ծրագրերով: Ստացված արդյունքներով հրապարակվել են 171 մենագրություն ու ժողովածու (27-ն արտասահմանում), 24 ուսումնական ձեռնարկ և դասագիրք, 1528 հոդված գրախոսվող ամսագրերում (670-ն արտասահմանում), 537 հոդված գիտաժողովների նյութերի ժողովածուներում (236-ն արտասահմանում), 652 թեզիս (285-ն արտասահմանում): Պաշտպանվել է 1 դոկտորական և 43 թեկնածուական ատենախոսություններ: 2023 թվականին ԳԱԱ կազմակերպությունները համագործակցության պայմանագրեր/հուշագրեր են կնքել 154 կազմակերպության հետ, այդ թվում՝ 105-ը ԳԱԱ համակարգից դուրս գործող կազմակերպությունների հետ, որոնցից 42-ը կնքվել են ԲՈՒՀ-երի, 30-ը տնտեսության մասնավոր հատվածի, 56-ն օտարերկրյա գիտական կազմակերպությունների հետ»,- իր ելույթում, մասնավորապես, ասաց Արթուր Իշխանյանը։

ՀՀ ԳԱԱ տարեկան ժողովին ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Ոչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան գոյություն չունենա այն պարզ պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն, չի կարող զարգացում ունենալ առանց գիտության և կրթության։ Սա աքսիոմա է, որի իրականացումն այժմ կատարում է մեր երկրի գործող կառավարությունն ու իշխանությունը»,- ասաց ՀՀ նախագահը։ Նա ներկայացրեց վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն՝ 2020 թվականին պետության կողմից գիտության ոլորտի ծախսերի ծավալը կազմել է 13 միլիարդ դրամ, 2024 թվականին նախատեսվում է ծավալը հասցնել 36 միլիարդի՝ բյուջեի ընդհանուր ծախսերի 1,12 տոկոսը։ «ՀՀ գործող կառավարությունը, իշխանության ներկայացուցիչներն իրենց հիմնական նպատակը, գերխնդիրը համարում են գիտության և կրթության զարգացմանն առավելագույն կերպով նպաստելը։ Այն, ինչ տեղի է ունենում զուտ ակադեմիայի կարգավիճակի հետ կապված քննարկումներում, պետք է շատ արագ ավարտվի, քանի որ անորոշությունն իր հերթին բերում է լրացուցիչ խնդիրներ ու խոսակցություններ, այլ կարծիքներ, որոնք նպաստավոր չեն թե՛ պետության, թե՛ ակադեմիայի համար։ ԳԱԱ-ում մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները հուշում են, որ, իսկապես, տվյալ հաստատությունը փոխվելու մեծ ձգտում ունի, որի հիմնական նպատակն ավելի կիրառական մասնակցություն ունենալն է այսօրվա տնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխություններում։ Մենք պետք է կարողանանք դուրս գալ միջազգային շուկաներ, կարողանանք մեր գիտելիքն ու գիտական արտադրանքը ներկայանալի դարձնել միջազգային շուկայում։ Անհրաժեշտ է հասկանալ, թե որտեղից պետք է սկսել այդ գործընթացը։ Կարծում եմ՝ հենց կրթական համակարգից, հետևաբար, ավագ դպրոցների ու ինստիտուտների ամբողջ շղթան պետք է վերանայել ու գտնել շահագրգռող նոր մեխանիզմներ, որպեսզի ավելի մեծ թվով մարդիկ ձգտեն զբաղվել գիտությամբ»,- ասաց ՀՀ նախագահը։

Անդրադառնալով ակադեմիական քաղաք կառուցելու նախաձեռնությանը՝ Վահագն Խաչատուրյանն ասաց․ «Ոչ ոք չի ուզում որևէ բան քանդել, առավել ևս իշխանությունը։ Մենք ավելի շատ ունենք ինչ-որ բան ստեղծելու ցանկություն, ինչն անելու ենք համատեղ ջանքերով։ Եթե իսկապես կան կառուցողական առաջարկներ ակադեմիական քաղաք հիմնելու համար, ապա պետք է միասին անցնենք այդ ճանապարհը։ Ավելորդ աղմուկն ու չհիմնավորված կարծիքների հնչեցումն օգուտ չի տա այս գործընթացին։ Եթե յուրաքանչյուր ԲՈՒՀ կարծում է, որ կարող է գոյատևել ինքնուրույն, ապա պետք է դա ապացուցի իր արդյունավետ գործունեությամբ։ Այդ դեպքում միավորվել-չմիավորվելու հարցը կունենա այլ բնույթի քննարկում»։

019.jpg (414 KB)

Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վազգեն Մելիքյանը, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն Ավետիս Ծատուրյանը, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը, ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրեն Մայա Գրիգորյանը։

Ելույթներին հաջորդեց ՀՀ ԳԱԱ մրցանակների հանձնման արարողությունը։

020.jpg (423 KB)

«Ժամանակակից տեխնոլոգիաները բժշկության մեջ» թեմայով գիտական զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործիչ Արմաիս Կամալովը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ