Համբուրգի օդանավակայանում կիրակի օրը աշխատողների անսպասելի գործադուլի հետևանքով չվերթների չեղարկումից տուժել է ավելի քան 40․000 ուղևոր, հաղորդում է Associated Press-ը:
Ավելի քան 280 կանոնավոր չվերթից միայն 10-ն է իրականացվել կիրակի առավոտվա դրությամբ, հայտնել են օդանավակայանից: Սպասարկման բազմաթիվ կանգնակներ դատարկ էին, իսկ ուղևորները հերթ էին կանգնում չվերթերի չեղարկման մասին տեղեկություն ստանալու համար:
Անակնկալ գործադուլը, որը հայտարարվել էր սկսվելուց ընդամենը կես ժամ առաջ, նախորդում է ver.di արհմիության կազմակերպած ավելի լայնածավալ գործադուլների շարքին, որը տեղի կունենա երկուշաբթի Գերմանիայի 13 օդանավակայաններում:
Արհմիությունը, որի անդամներն աշխատում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ուղևորափոխադրումները, բեռների ու առաջին անհրաժեշտության ապրանքների զննումը, կոչ է արել անվտանգության ծառայության աշխատակիցներին գործադուլ անել կիրակի օրը՝ ճնշում գործադրելու ընկերության պաշտոնյաների վրա՝ կոլեկտիվ պայմանագրի կնքման վերաբերյալ բանակցությունների ընթացքում:
«ver.di արհմիության վարքագիծը անազնիվ է. առանց նախազգուշացման գործադուլը վնաս է հասցրել Համբուրգի օդանավակայանին արձակուրդային սեզոնի սկզբում», - ասել է օդանավակայանի խոսնակ Կատի Բրոմը:
Նա նշել է, որ ժամանումը հնարավոր կլինի երկուշաբթի օրը, և որ սպասվում են «զգալի խափանումներ և թռիչքների չեղարկումներ»:
Բրոմն ասել է, որ կիրակի օրվա գործադուլները «չափազանց և անարդար են տասնյակ հազարավոր ճանապարհորդների հանդեպ, որոնք ոչ մի կապ չունեն առկա խնդիրների հետ»:





























