Այսօր Կառավարության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ 2020 թվականի 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորներից մեկի հոր ինքնազգացողութունը վատացել է. շտապօգնություն են կանչել։ Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինվորների հարազատներից մեկը՝ Տաթևիկ Սոհոյանը։
«Մարդիկ լարվում են, նյարդայնանում են անընդհատ այդ թեմաների մասին զրուցելիս, դա է եղել ինքնազգացության վատթարացման պատճառը»,–նշեց նա։
Տաթևիկ Սոհոյանը նշեց, որ բողոքի ակցիայի ընթացքում անհետ կերածների հարազատների հետ երկու անգամ զրուցել է վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը. նա ակցիայի մասնակիցներին ասել է, որ պետք է լրացուցիչ պարզաբումներ ստանա՝ արդյո՞ք Հայաստանը անհետ կորածների և գերիների վերաբերյալ հայցերից պատրաստվում է հրաժարվել, թե ոչ։
«Ասաց՝ պետք է խորհրդակցեն։ Նաև ասաց, որ շուտով Արարատ Միրզոյանը հարցազրույց է տալու, բայց կարծում եմ, որ Միրզոյանն էլ է ասելու, որ հայցերը հետ են վերցնելու»,–ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ անհետ կորածների հարազատներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել կառավարության մոտ՝ պահանջելով միջազգային ատյաններից հետ չկանչել դատական հայցերը։
Նշենք, որ երեկ ԱԳՆ–ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները, և որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։




























