Նախորդ ամիս Երևանի Տիգրան Մեծի պողոտայում ավտոբուսի վարորդին դանակահարելու դեպքով առայժմ ձերբակալված անձ չկա: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից:

«Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական գործողություններ»,- հավելեցին ՔԿ-ից:

NEWS.am-ի տեղեկություններով ավտոբուսի վարորդին դանակահարած անձը հայտնաբերվել է, քննչական գործողություններից հետո նոր միայն կձերբակալվի:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Տիգրան Մեծի պողոտայում անհայտ տրանսպորտային միջոցի վարորդը դանակահարել էր թիվ 38 երթուղին սպասարկող վարորդին և լքել դեպքի վայրը:

Վարորդը տեղափոխվել էր հիվանդանոց և վիրահատվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 24-ին ժամը 12.00-12.30-ն ընկած ժամանակահատվածում, Տիգրան Մեծի պողոտայում, «Ռուիսա-մոլ»-ի դիմացի մայթին դանակահարել են թիվ 38 երթուղու ավտոբուսի վարորդին: Միջադեպ է եղել ավտոբուսի վարորդի եւ մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջեւ

Դանակահարված վարորդը Վ. Ռոմյանն է, որին տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Քանի որ ավտոբուսը մանուշակագույն հին ավտոբուսներից է, սրահում տեսախցիկ չի եղել: