Ստամբուլի դատախազությունը հայտարարել է, որ քրեական հետաքննություն է սկսել Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ՝ մարդկության դեմ համակարգված հանցագործությունների և Գազայի հատվածում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների համար, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Դատախազությունը հայտարարության մեջ նշել է, որ քաղաքացիական թիրախների, հիվանդանոցների և մարդասիրական առաքելությունների վրա Իսրայելի ռազմական հարձակումների, ինչպես նաև Գազայի հատվածի շրջափակման վերաբերյալ իր հետաքննությունը բացահայտել է միջազգային կոնվենցիաների լայնածավալ խախտումները հաստատող ապացույցներ։
Հետաքննության արդյուքներով Ստամբուլի դատարանը ձերբակալման հրամանագիր է տվել 37 Իսրայելի պաշտոնյաների, ներառյալ՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի, պաշտպանության նախարար Իսրայել Կացի, ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի, գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրի և ռազմածովային ուժերի հրամանատար Դավիդ Սաար Սամարի համար։
Դատախազությունը նրանց գործողությունները որակել է որպես «ցեղասպանություն», «ռազմական հանցագործություններ» և «մարդկայնության դեմ հանցագործություններ»։
Փաստաթղթում նշվում է, որ հետաքննությունը սկսվել է մարդասիրական օգնություն տեղափոխող՝ Գազա ուղևորվող միջազգային «Սումուդ» նավատորմի վրա իսրայելական ուժերի հարձակումից հետո։
Հավաքված նյութերը ներառում են զոհերի վկայություններ, բժշկական զեկույցներ և հիվանդանոցների ու ենթակառուցվածքների վրա հարձակումների ապացույցներ։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ, ըստ հետաքննության, Իսրայելի ռազմական և քաղաքական ղեկավարները պատասխանատու են հարյուրավոր խաղաղ բնակիչների, նրանց թվում՝ կանանց և երեխաների մահվան, մարդասիրական հաստատությունների ոչնչացման և Գազայի բնակիչներին օգնությունը խոչընդոտող գործողությունների համար։
Դատախազությունը հայտարարել է, որ միջազգային հետաքննությունը ներառում է 2023 թվականի հոկտեմբերից ի վեր գրանցված խախտումները, դրանց թվում՝ Ալ-Էհլի հիվանդանոցի, Թուրք-պաղեստինյան բարեկամության հիվանդանոցի վրա հարձակումները, Գազայի հատվածի շրջափակումը և մարդասիրական առաքելությունների վրա հարձակումները։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Թուրքիան «վճռականորեն աջակցում է պաղեստինյան ժողովրդի դեմ հանցագործությունների և միջազգային իրավունքի խախտումների համար պատասխանատու բոլոր անձանց հետապնդմանը»։





























