Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնից ազատման դիմում է գրել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին թանգարան–ինստիտուտից։
«Դիմումը գրված է, բայց որևէ իրավական ակտ դեռևս չկա»,–ասացին թանգարանից։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Հրապարակը» գրել էր, որ Էդիտա Գզոյանին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է աշխատանքից ազատման դիմում գրել. «Սպառնացել է՝ եթե ինքնակամ չգրի, իրենք կազատեն աշխատանքից։
Նախարարությունից, ըստ լուրերի, պաշտոնական պատճառաբանությունը եղել է, իբրև թե Գզոյանը պատշաճ չի վերահսկում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինարարությունը, որը ի դեպ, վերջինիս ֆունկցիաների մեջ չի մտնում։
Մեր տեղեկություններով, տնօրենը որոշել է չդիմադրել և դիմումը գրել, բայց կոլեկտիվն ընդվզել է` տնօրենից պահանջել են չշտապել և իրենք նամակ են ուղղել վարչապետին, թե որն է պատճառը, ինչու եք հերթական անգամ տնօրեն փոխում թանգարան- ինստիտուտում:
Կոլեկտիվում կարծում են, որ Ժաննա Անդրեասյանը որոշել է ազատվել Էդիտա Գզոյանից, քանի որ նա իրենց մարդը չէ և ցանկանում են յուրային նշանակել այս պաշտոնին։ Թերևս ավելի էական է այն, որ Գզոյանը միջազգային հարթակներում ակտիվ է Ցեղասպանության ճանաչման, գիտական հոդվածների տպագրման ուղղությամբ, ինչը այս իշխանությունների սրտով չէ և օր առաջ ցանկանում են ազատվել նրանից և մի ապազգային անձ նշանակել։ Տնօրենի նկատմամբ սեւեռումները, ասում են, հասել են գագաթնակետին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան այցից եւ Ցեղասպանության հուշահամալիր այցից հետո։ Հայտնի է, որ փետրվարի 10-ին Վենսի եւ տիկնոջ՝ Ծիծեռնակաբերդ այցի ընթացքում ՀՀ իշխանություններից որեւէ պաշտոնյա նրանց չուղեկցեց, Ժաննա Անդրեասյանը ձեւական դիմավորեց համալիրի մուտքի մոտ ու անհետացավ՝ թերեւս չնեղացնելու համար իրենց թուրք բարեկամներին։ ԱՄՆ փոխնախագահին և նրա տիկնոջը Հայոց ցեղասպանության հուշահամալիր է ուղեկցել տիկին Գզոյանը՝ ներկայացնելով դրա կառուցման պատմությունը»։
Հիշեցնենք, որ Էդիտա Գզոյանը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում գաղտնի քվեարկությամբ, միաձայն ՀՑԹԻ տնօրեն էր 2024 թ. փետրվարի 12-ին։





























