Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերն իր առաջին պաշտոնական որոշումներից մեկում հրաժարվել է անօրինական միգրանտներին Ռուանդա արտաքսելու ծրագրից։

«Ռուանդայի ծրագիրը դեռ չսկսած մեռած ու թաղված էր: Ես պատրաստ չեմ շարունակել օգտագործել հնարքներ, որոնք չեն աշխատում», - ասել է Սթարմերն այսօր նոր լեյբորիստական ​​կառավարության առաջին կաբինետի նիստից հետո, հաղորդում է Bild-ը:

Անօրինական միգրանտներին Բրիտանիայից Ռուանդա արտաքսելու օրինագիծը նախորդ վարչապետ Ռիշի Սունակի գլխավոր նախագիծն էր: Նա առաջարկել էր, որ ապաստան հայցողները, ովքեր անօրինական կերպով մուտք են գործել Մեծ Բրիտանիա, արտաքսվեն Ռուանդա:

Այս առաջարկը բուռն քննարկումների և առարկությունների պատճառ դարձավ իրավապաշտպանների կողմից, սակայն Սունակը, այնուամենայնիվ, փորձեց իրականություն դարձնել, այսպես կոչված, Ռուանդայի սցենարը: Նախագիծը բրիտանական գանձապետարանին արդեն հարյուր միլիոնավոր ֆունտ ստեռլինգ է արժեցել։

Ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ Լա Մանշի միջոցով ապօրինի հասնում են բրիտանական ափ՝ հիմնականում փոքր նավերով: Մեծ Բրիտանիայի կառավարությունը ստիպված է տարեկան միլիարդավոր ֆունտ ստերլինգ ծախսել՝ անօրինական միգրանտներին հյուրանոցներում և այլ կացարաններում տեղավորելու համար։