Ավանի թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը Ավանում այլեւս նախընտրական շտաբ չի որոնում: Այդ մասին Սաֆարյանը հայտնեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
«Շտաբի թեման այլեւս փակված եմ համարում: Եթե մարդիկ վախենում են անգամ վարձակալությամբ տալ իրենց տարածքը, լինելով իմ ընտրողը` միգուցե վախենան նախընտրական շտաբ մտնել»,- նշեց Սաֆարյանը եւ հավելեց. «Եթե միմիայն քարոզչությունն ու հանդիպումներն են ես դրանք կկազմակերպեմ Նոր Նորքում գտնվող շտաբից: Իսկ թռուցիկներ բաժանելու խնդիրը կլուծենք «Կայծակ» գործողությամբ, եւ արագ կբաժանենք»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ստեփան Սաֆարյանը հայտնել էր, որ դժվարությունների է հանդիպել Ավանի տարածքում նախընտրական շտաբի համար տարածք գտնելու հարցում: Նրա մրցակիցը` ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը երեկ կայացած ասուլիսում ասել էր, թե պատրաստ է շտաբի հարցում օգնել Սաֆարյանին:
«Իմ մրցակցի միջնորդական ծառայություններից օգտվելու մտադրություն երբեւէ մտքովս չի անցել: Ես ուզում եմ, որ յուրաքանչյուրն իր թաղում, իր համայնքում իրեն այնպես պահի, որ սովորական շարքային քաղաքացիները, ոչ թե իր միջնորդավորմամբ այդ տարածքները տրամադրեն, այլ ուղղակի, առանց միջնորդների»,- իր հերթին արձագանքել էր Ստեփան Սաֆարյանը:
Նշենք, որ Սաֆարյանի շտաբը գտնվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածում, որը ընդգրկված է թիվ 1 ընտրատարծքի կազմում: Այս ընտրատարածքում առաջադրվել են Ռուբեն Հայրապետյանը, Ստեփան Սաֆարյանն ու Հայ ազգային կոնգրեսի անդամ Գայանե Առուստամյանը:




























