Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը հավատ չի ընծայում, որովհետեւ անգամ այդ հայտարարությունից հետո ՀԱԿ-ի տեսակետը ներկայացնող մամուլը բառացիորեն վերջին արշավանքն է իրականացնում «Ժառանգության» անդամների եւ կուսակցության քարոզչության նկատմամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով նախօրեին առաջին նախագահի արած հայտարարությունը, թե ՀԱԿ-ի թիրախը միայն ՀՀԿ-ն է, իսկ այլ ուժերի իրենք չեն անդրադառնալու:
Ըստ Սաֆարյանի, «կամ ՀԱԿ-ի պաշտոնական տեսակետները հերթական անգամ տարբերվում են Տեր-Պետրոսյանի տեսակետներից, կամ պարզապես մնում է ենթադրել, որ մի բան ասում են, այլ բան անում, ինչը հավասարաչափ վտանգավոր է»:
«Այս պահվածքը հերթական անգամ ցույց է տալիս «Ժառանգության» առաջարկի ճշմարտացիությունը, որ առաջին դեմքերը պետք է ստորագրեն ընտրությունների վերահսկման միասնական շտաբի փաստաթղթի տակ: ՀԱԿ-ի պահվածքը, հայտարարություններն ու վարքագիծը տրամագծորեն հակասում են իրար»,- նշել է Սաֆարյանը:
Անդրադառնալով չորս ուժերի` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» ստեղծած միասնական շտաբի շուրջ ծավալվող իրադարձություններին` Ստեփան Սաֆարյանը նշել է, թե իր համար ընդունելի չեն ՀԱԿ-ի դիրքորոշման հիմքում ընկած սկզբունքները: «Ինչո՞ւ կոալիցիա կազմող ուժերից մեկը թիրախ է, իսկ մյուսը թիրախ չէ: Ինչո՞ւ կոալիցիա կազմող ուժերից մեկի բարեգործությունը լավն է, մյուսինը` վատն է: Եւ սա ասում եմ այն համատեքստում, որ ՀԱԿ-ը շատ ագրեսիվ պատասխանեց մեր այն առաջարկին, որ պետք է միասնական շտաբը դատապարտի ու նաեւ պայքարի բարեգործությունների դեմ»,- ամփոփեց Սաֆարյանը:




























