Թերթը գրում է, որ խորհրդարանական քարոզարշավ-2012-ը գնալով ավելի հետաքրքիր է դառնում իր «նոու հաուներով»: «Քարոզչական գյուտերի նորարարությամբ հատկապես աչքի է ընկնում «Օրինաց երկիր» կուսակցությունը` ի դեմս Արթուր Բաղդասարյանի: Այն, ինչ անում է սույն կուսակցությունը հազիվ հինգ տոկոսի շեմը հաղթահարելու համար, ոչ այլ ինչ է, քան քարոզչական պրիմիտիվ հնարք:
ՕԵԿ-ում շրջանառվող խոսակցությունների համաձայն, իրենք մշակել են քարոզչական հնարքի մի եզակի նմուշ: Մեր տեղեկություններով` ՕԵԿ նախարարներին հանձնարարված է տարբեր մարզերում, համայնքներում, ու քաղաքներում «հավաքագրել» այն հեղինակություններին, որոնք կարող են իքս ձայներ բերել:
«Հավաքագրումից» հետո նրանք նախարարի հրամանով «նշանակվում են» գոյություն չունեցող պաշտոններում: Ավելին` նախարարությունում նրանց սենյակ է հատկացվում, ապա ասվում է, որ մայիսի 6-ից հետո մեծ հրաշքներ են սպասվում «պաշտոնի» բարձրացման ուղղությամբ: Շատ դեպքերում խոստանում են նաեւ ավտոմեքենայի բանալիներ եւ աշխատակազմ:
Ավելացնենք նաեւ, որ ՕԵԿ-ում քաջ գիտակցում են` ինչքան էլ իրենց ղեկավարը օրվա մեջ մի քանի անգամ հավատարմության երդում տա ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին, այնուամենայնիվ, ՀՀԿ-ն հատուկ եռանդ չի ներդնելու ՕԵԿ-ի համար «թիվ ապահովելու» գործում»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:




























