Հայաստանի ապահովագրական դաշտը 2012 թ. անսպասելի հզոր խթան ստացավ հանձինս բյուջետային սոցիալական փաթեթի: Նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ քաղծառայողների բացարձակ մեծամասնությունը 132 հազ. դրամ արժողությամբ սոցիալական փաթեթն ամբողջությամբ ուղղում է դեպի բժշկական ապահովագրություն: Փաթեթի ընդհանուր արժեքը 18 մլրդ դրամ է: Համեմատության համար նշենք, որ մարտի 1-ի դրությամբ ապահովագրական շուկան ԱՊՊԱ-ից ստացել է 7.8 մլրդ դրամ: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ սոցփաթեթի միջոցով ապահովագրական շուկան շատ ավելի հզոր լիցք ստացավ, քան ԱՊՊԱ-ից:
Սոցիալական փաթեթը, ինչպես հայտնի է, կարելի է օգտագործել 4 ուղղություններով` բժշկական ապահովագրություն, հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարում, հանգիստ Հայաստանում կամ Արցախում, բուհում ուսման վարձի վճարում: Բժշկական ապահովագրությունը նախընտրելի է ոչ այն պատճառով, որ քաղծառայողների մեծ մասը հիվանդ է, այլ այն պատճառով, որ ունի մուլտիկլիպատիվ էֆեկտ: Այսինքն` 132 հազ. դրամ ապահովագրությունը ծածկում է 11 մլն դրամ բժշկական ծառայություն, ընդ որում` այդ ծառայությունից կարող են օգտվել նաեւ ընտանիքի անդամները: Ապահովագրական փաթեթի մյուս ուղղությունները նման մուլտիպլիկատիվ էֆեկտ չունեն, թեեւ նույնպես կարող են համարվել գրավիչ: Ըստ երեւույթին` սոցիալական փաթեթի շարունակականության դեպքում պետք է հաշվի առնել այդ հանգամանքը. կառավարությունը կամ պետք է ամբողջովին անցնի բժշկական ապահովագրության, կամ էլ մյուս ուղղությունների համար նախատեսի առանձին փաթեթ:
Սոցիալական փաթեթի գաղափարը կարելի է համարել վերջին տասնամյակում կառավարության ամենահաջող ծրագիրը: Թեկուզ այն պատճառով, որ այն նախադեպը չունի միջազգային փորձի տեսանկյունից: Բազմաթիվ երկրներում կառավարություններն իրականացնում են քաղծառայողների սոցիալական աջակցության ծրագրեր, օրինակ` Ռուսաստանում կառավարությունը սուբսիդավորում է քաղծառայողների կողմից բնակարանի ձեռքբերման կամ կառուցման ծախսերի մի մասը: Սակայն նման փաթեթային առաջարկներ հայտնի չեն: Եվրոպայում առավել տարածված է պարտադիր բժշկական ապահովագրությունը բոլոր աշխատողների համար, սակայն ապահովագրական գումարի մի մասն (կամ ամբողջը) այդ դեպքում վճարվում է ապահովագրվողի կողմից: Հնարավոր է` Հայաստանում սոցփաթեթի ներդրումը հիմքեր ստեղծի պարտադիր բժշկական ապահովագրության համար:
Ապահովագրական շուկայի հզորացումը ինքնին նույնպես օժտված է մուլտիպլիկատիվ էֆեկտով: Հավաքագրված գումարները վարկային ռեսուրսների համալրման աղբյուր են, ընդ որում` էժան աղբյուր: Ֆինանսական շուկայում ի հայտ է գալիս ռեսուրս, որը կարող է կաշկանդել վարկային տոկոսադրույքների աճը, կամ նույնիսկ նվազեցնել դրանք (թեեւ վերջին տարբերակն այնքան էլ իրական չէ` ծավալները փոքր են):
Սոցիալական փաթեթի գաղափարի հեղինակը ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն է: Մասնավոր զրույցներից մեկում նա խոստովանեց, որ նախարարությունների տեխնիկական անձնակազմն իրենից նեղացել է` սոցիալական փաթեթում չընդգրկվելու համար (փաթեթից չեն կարող օգտվել, օրինակ, քարտուղարուհիները, պահեստապետները եւ այլն): Նեղանալու պատճառներ իհարկե կան: Դեռ հայտնի չէ` արդյո՞ք սոցիական փաթեթը ինչ-որ ձեւով կարտահայտվի 2013 թ. կա հետագա պետական բյուջեներում: Սակայն շատ կարեւոր է, որ փաթեթում ընդգրկեցին կրթության եւ մշակույթի ոլորտներին, ինչի շնորհիվ փաթեթը զերծ մնաց շահարկումներից ու ածականներից: Մի բան ակնհայտ է` նմանատիպ աջակցության ծրագրերը բավական արդյունավետ են եւ սոցիալական, եւ տնտեսական տեսանկյունից: Ուստի ճիշտ կլիներ, եթե կառավարությունը փորձեր զարգացներ ու հղկեր սոցիալական աջակցության նմանատիպ հասցեագրված ծրագրերը:
Սամվել Ավագյան



























