Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկան ամբողջությամբ նորացվելու է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց GeoProMining ընկերության նախագահ Ռոման Խուդոլին՝ նշելով, որ ընկերությունը փոխում է ռազմավարությունը նաեւ Սոդքի հանքավայրի նկատմամբ։ «Մենք ավստրալիական ընկերությանը հետազոտություններ իրականացնելու պատվեր ենք տվել, որ պարզենք, թե բացի ոսկուց հանքաքարում էլ ինչ մետաղներ են առկա»,- նշեց Խուդոլին՝ ավելացնելով, որ հետազոտությունից հետո մետաղի զտելու մեթոդներ են մշակվելու։

Ըստ նրա՝ իր ղեկավարած ընկերության բաժնետերերը Հայաստանից չեն շտապում դիվիդենտները վերցնել։ GeoProMining-ը պատրաստվում է մեծ ծավալների ներդրումներ կատարել, ինչի արդյունքում մի քանի տարի հետո Սոդքի հանքավայրից ամսական կարդյունահանվի 150 հազար տոննա հանքաքար։ Խուդոլին տեղեկարեց, որ Սոդքում հանքաքարի արդյունահանման համար կստեղծվեն նաեւ փակ հանքահորեր։ «Առաջին հերթին մեզ հետաքրքրում է մետաղի ստացման ծավալների մեծացումը»,-նշեց GeoProMining-ի նախագահը՝ ավելացնելով, որ եթե հանքաքարում անտիմոնի պարունակությունը շատ է լինում, ապա այն բացասաբար է ազդում է ոսկու արդյունահանման քանակի վրա։

Նրա խոսքով՝ հաջորդ տարի Սոդքի հանքը տեխնիկապես կվերազինվի, ներդրումներ են լինլու նաեւ Արարատի ոսկու արդյունահանման գործարանում։ Խոսելով հնարավոր քաղաքական ռիսկերի մասին՝ Ռ. Խուդոլին հայտնեց, որ ընկերությունը դրանք հաշվի է առնում, բայց նման հարերը խնդիրներ չեն կարող ստեղծել ներդրումների համար։ «Եթե ներդրողները առաջին հերթին քաղաքականությանը հետեւեն հետո միայն բիզնեսին, ապա դա գործարարության զարգամանը չի օգնի»,- նկատեց ընկերության նախագահը։

Ընկերությանը ճգնաժամի պատճառած վնասների մասին հարցին անդրադառնալով՝ Ռ.Խուդոլին տեղեկացրեց, որ այս տարի ընկերությանը հաջողվել է Հայաստանում պահպանել ծրագրված ցուցանիշները։ «Ճգնաժամի պատճառով 5 ամիս կանգնեց Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, բայց այդ ընթացքում այն նորոգվեց»,- ասաց ընկերության նախագահը՝ ավելացնելով, որ կոմբինատի աշխատանքը գոհացուցիչ է։

Ըստ նրա՝ Հայաստանում նոր հանքավայրերի երկրաբանա-հետազոտական աշխատանքներ դեռ չեն նախատեսվում։ «Մենք դեռ կենտրոնացնում ենք հնարավորություններն ու ներուժը։ Ճգնաժամը սովորեցրեց, որ պետք է աշխատել՝ խնայելով ռեսուրսները, եւ ոչ թե դրանք ուղղորդել այլ դաշտեր»,- եզրափակեց GeoProMining ընկերության նախագահը։