Գերմանիայի պետնախարար Կորնելիա Պիպերն, այսօր` ապրիլի 16-ին, ժամանում է Երեւան, որտեղ հանդիպում կունենա Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ: Նա կհանդիպի նաեւ ուսանողության հետ Երեւանի պետական համալսարանում, որտեղ ժամը 14:00-ին ուսանողների համար զեկույցով հանդես կգա, իսկ այնուհետեւ հանդիպում կունենա լրագրողների հետ: Ապրիլի 17-ին պետնախարար Պիպերը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ միասին հանդիսավորապես կբացի Լեզվի ուսուցման գերմանական կենտրոնը:
Պետնախարար Պիպերն ապրիլի 16-ին կբացի նաեւ «Call out Art – գոբելեններ Զաալեի Հալլեից» ցուցահանդեսը: «Թալշտրասե» արվեստի միության այս ցուցադրությունը նոր փուլ է նախանշում Հայաստանի եւ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջեւ երկար տարիների սերտ հարաբերություններում:
Հարավային Կովկաս կատարելիք իր այցից առաջ պետնախարար Կորնելիա Պիպերը ապրլիլի 14-ին Բեռլինում ասաց հետեւյալը. «Հայաստանի եւ Վրաստանի հետ Գերմանիայի հարաբերությունները խոր պատմական արմատներ ունեն: Այս գարնանը լրանում է այս պետությունների հետ արտգործնախարար Գենշերի կողմից դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 20-ամյակը: Իմ այցով ես ցանկանում եմ պատվել այդ առիթը:
Գերմանիան սկզբից եւեթ հանդես է եկել որպես երկկողմ կարեւորագույն գործընկեր: Զարգացման քաղաքականության երկկողմ համագործակցության մեջ մենք եղել ենք երկրորդ խոշոր դոնոր գործընկերը: Մշակութային հարաբերությունները հրաշալի կամրջող դեր են խաղացել մեր երկրների միջեւ: Այդ պատճառով էլ առանձնահատուկ կարեւորություն եմ տալիս Լեզվի ուսուցման գերմանական կենտրոնին, որի բացման պատիվն ունեմ Երեւանում: Ներկայում Հայաստանից եւ Վրաստանից շուրջ 3000 երիտասարդներ են ուսանում Գերմանիայում: Գերմանիան իր արեւելյան հարեւանների հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ ջանքեր է գործադրում նաեւ Եվրամիության շրջանակում: Ցավոք, հարավկովկասյան պետությունները կրում են տարածքային ցայսօր չլուծված հակամարտությունների կնիքը: Մինչդեռ բոլոր կողմերը մեծապես կշահեին խաղաղ կարգավորումից:
Մենք ցանկանում ենք նպաստել փոխվստահության ձեւավորմանը: Առավել ակտիվ տարածաշրջանային համագործակցությունը կարող է բանալի դառնալ հետագա դրական զարգացումների համար: Իմ հանդիպումներում ես հստակեցնելու եմ. Հայաստանի եւ Վրաստանի առաջիկա ընտրությունները կարեւոր չափանիշ են ժողովրդավարական զարգացման եւ դեպի Եվրոպա այս երկրների ուղղության համար:
Աշխույժ եւ կենսունակ ժողովրդավարությունը ենթադրում է խաղի միեւնույն կանոններ բոլոր եւ անկախ լրատվամիջոցների համար: Այս թեմաների շուրջ Երեւանում եւ Թբիլիսիում ես զրուցելու եմ նաեւ լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»:




























