«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ներկայումս «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող Նիկոլ Փաշինյանի դատավարությունը Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 7-ին սկսվեց պաշտպանների միջնորդությամբ: Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը դատավորին հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը գրանցվել է որպես պատգամավորի թեկնածու, իսկ Հայաստանի Ընտրական օրենսգրքի 111-րդ հոդվածը նշում է, որ թեկնածուն չի կարող գտնվել անազատության մեջ, եթե դրա համար չկա ԿԸՀ-ի համապատասխան թույլտվությունը: Ելնելով դրանից` պաշտպանական կողմը միջնորդեց ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին, եւ նրան հավասար հնարավորություններ ընձեռել մյուս թեկնածուների հետ հավասար ընտրապայքար մղելու:
Պաշտպանների միջնորդությունն անակնկալ էր մեղադրողների համար, եւ Կորյուն Փիլոյանը ժամանակ խնդրեց դրան ծանոթանալու համար, իսկ հետո էլ մեղադրող կողմը հայտարարեց, թե միջնորդությունն անհիմն է եւ պետք է մերժել: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը խորհրդակցական սենյակում կարճ ժամանակ անցկացնելուց հետո վերադարձավ դահլիճ եւ, բնականաբար, մերժեց միջնորդությունը, պաշտպանական կողմի կարծիքով` հերթական անգամ խախտելով օրենքի պահանջը:




























