Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն, այսօր` ապրիլի 16-ին, հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարել է սկսել շենքերի լվացման, ներկման եւ բարեկարգման աշխատանքները, ինչպես նաեւ կամարանցումների նկարազարդման գործընթացը:

Զեկուցվել է, որ արդեն ավարտական փուլում են մայրաքաղաքի փողոցների, բակային տարածքների եւ այգիների արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները:  Երեւան քաղաքի զարգացման ծրագրով միայն այս տարվա ընթացքում գիշերային լուսավորությամբ կապահովվի եւս 168 փողոց եւ բակ, ինչպես նաեւ 14 այգի:

Քաղաքապետին զեկուցվել է, որ մայրաքաղաքում ընթացքի մեջ են նաեւ նստարանների եւ աղբամանների տեղադրման աշխատանքները: Տարոն Մարգարյանը հանձնարարել է անհրաժեշտության դեպքում ավելացնել դրանց քանակը:

Զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են մայրաքաղաքի այս տարվա ծրագրով նախատեսված խոշոր ճանապարհաշինական ծրագրերը: Այս համատեքստում Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել, ինչպես ճանապարհաշինական ծրագրերի, այնպես էլ ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքին` խստորեն հետեւելով սահմանված ժամանակացույցի պահպանմանն ու աշխատանքների որակին. << Հսկողությունը պետք է լինի ամենօրյա ոչ միայն կենտրոնական եւ երկրորդական փողոցների մասով, այլեւ լուրջ ուշադրություն պետք է դարձնել նաեւ բակային տարածքներում ընթացող ասֆալտապատման աշխատանքների որակին»,-շեշտել է քաղաքապետը:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում մեկ անգամ եւս ուշադրություն է հրավիրվել

մայրաքաղաքի երթուղիները սպասարկող բոլոր նոր ավտոբուսները GPS համակարգով եւ WiFi կապով համալրելու հարցին, ինչպես նաեւ տնտեսավարող սուբյեկտների կողմից պարտադիր բարեկարգման նորմերը պահպանելու եւ պայմանագրային պարտավորությունները կատարելու խնդրին:

Զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ արդեն գործարկվել են Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրն ու «Կարապի լիճ» ջրավազանը: Ի դեպ շուտով, քաղաքապետի հանձնարարությամբ Երեւանի կենդանաբանական այգուց կարապներ կտեղափոխվեն «Կարապի լիճ» եւ մեր համաքաղաքացիները հնարավորություն կունենան ամեն օր հիանալու լճում լողացող կարապներով: 

Զեկուցվել է նաեւ, որ այս տարի գործարկման նախապատրաստվող շատրվանային մյուս համալիրների ուղղությամբ աշխատանքները եւս կավարտվեն սահմանված ժամկետներում եւ կգործարկվեն մայիսի 1-ին: