Բաթումիի կոնսերվատորիայի դահլիճում, ապրիլի 14-ին, կայացել է «Հիշել ցեղասպանությունը» խորագրով` Մեծ Եղեռնի հիշատակման օրերի անդրանիկ միջոցառումը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը, Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Արարատ Գումբելյանը, Աջարիայի հայերի միության փոխատենապետ Արթուր Հովհաննիսյանն իրենց ելույթներում ընդգծել են համաշխարհային հանրության կողմից Ցեղասպանության դատապարտման եւ համընդհանուր ճանաչման կարեւորությունը, թուրքական ժխտողականության դեմ հայրենիքի եւ Սփյուռքի ուժերը միավորելու հրամայական անհրաժեշտությունը:

Այնուհետեւ Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցուն կից գործող կիրակնօրյա հայկական դպրոցների սաներն ավելի քան 300 հանդիսականների ներկայացրել են գրական-գեղարվեստական բեմադրություն` 20-րդ դարի առաջին Ցեղասպանության եղերական դրվագներով, հայ ժողովրդի ապրելու եւ արարելու կամքը մարմնավորող ասմունքով, հայրենասիրական երգերով եւ պարերով:

Միջոցառումը լուսաբանվել է տեղական հեռուստաալիքներով: