Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում ապրիլի 15-ին տեղի ունեցած «Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012»-ում տարվա լավագույն երգչուհի է ճանաչվել Սոնա Շահգելդյանը, իսկ տարվա լավագույն երգիչ՝ Էրիկը։ Ներկայացնում ենք մեր զրույցը երգիչ Էրիկի հետ։
Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ հենց դուք արժանացաք «Տարվա լավագույն երգիչ» տիտղոսին։
Ինձ համար միշտ առաջնահերթ է, որ երգիչը կարողանա երգել։ Վաղուց արդեն ապացուցել եմ, որ ես պիտի երգեմ ու երգել եմ, եւ կարծում եմ, որ կարող եմ երգել։ Իսկ անցյալ տարի շատ մեծ աշխատանք եմ կատարել, կարծում եմ՝ դա էր պատճառը, որ ես ավելի եմ աչքի ընկել, ոչ թե մյուսները, թեեւ բոլորն էլ լավ են աշխատել ու լավ երգիչներ ունենք։
Ի՞նչ տվեց ձեզ այդ մրցանակը, ի՞նչ փոխվեց ձեր կյանքում։
Դեռ մի քանի ժամ է անցել, փոփոխություններ չեմ տեսնում։ Ամեն դեպքում, երգիչը միշտ իր գործի վերջում սպասում է շնորհակալության: Ես այդ շնորհակալությունը տեսա, շատ հաճելի է, ոգեւորվել եմ եւ ուզում եմ ավելի շատ բաներ անել, որովհետեւ իմ գործն անշնորհակալ չի մնացել։
Ձեր կարծիքով, այս տարի ավելի արդա՞ր էր ընտրությունը «Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում», քան նախորդ տարիներին։
Երեւի արդար էր, չէի սպասում մրցանակի: Ակնկալում էի, որ կարող է այդպես մի բան լինել, բայց չէի սպասում, որովհետեւ այն մարդիկ, ովքեր սպասել են, ուրիշն է ստացել, այս տարի բոլոր անվանակարգերը շատ արդար եղան։ Շատ ուրախացա, որ «The beautified project» խումբը հաղթեց, իմ սիրելի խմբերից է, ուրախացա Սոնա Շահգելդյանի համար, ով բազմիցս ապացուցել է, որ լավագույներից է եւ միանշանակ արժանի էր մրցանակի։
Եթե դուք լինեիք ժյուրիի կազմում, ո՞ւմ կտայիք մրցանակը:
Եթե ժյուրիի կազմում լինեի, կտայի շատ սիրելի երգիչներին։ Իմ կարծիքով՝ չկա այս եւ մյուս տարվա լավագույն երգիչներ, երգիչը լինում է լավը կամ վատը: Ես կարծում եմ, որ ունենք շատ լավ երգիչներ, որոնք նախորդ տարիներին չեն ստացել, բայց դա չի նշանակում, որ իրենք վատն են։ Մրցանակներ կտայի օրինակ՝ Արամեյին, Ռազմիկ Ամյանին, Վարդան Բադալյանին, իսկ երգչուհիներից՝ Լիլիթ Հովհաննիսյանին, Սոնա Շահգելդյանին, Սիրուշոյին, Էմմիին եւ այլն։
Ի՞նչ սպասի հանդիսատեսը Ձեզանից այս տարի։
Նախորդ տարի ինչ տեսել եք, երկու այդքան այս տարի է սպասվում, ես շարունակելու եմ աշխատել այնպես, ինչպես աշխատել եմ, այս տարի ավելի բուռն աշխատանք է սպասվում՝ տեսահոլովակներ, լիքը լավ նորություններ, չեմ ուզում փակագծերը բացել, ավելի լավ է աշխատեմ, որ դուք տարվա վերջում տեսնենք։ Ամեն ինչ անելու եմ, որ մյուս տարի էլ արժանի լինեմ տարվա լավագույն երգչին, թեկուզ չստանամ, թող մարդիկ տեսնեն ու ասեն, որ Էրիկն այս տարի էլ էր արժանի։
Քանի որ այժմ ակտիվ քարոզչական շրջան է, կցանկանայի ճշտել՝ մասնակցո՞ւմ եք քարոզարշավին, թե` ոչ։
Այո, մասնակցում եմ, առհասարակ ինձ համար տարբերություն չկա, ես կարծում եմ՝ համերգների եմ գնում, ոչ թե` ընտրարշավի։ Այս պահին կոնկրետ Հանրապետական կուսակցության հետ եմ մասնակցում, բայց դրա մեջ ոչ մի քաղաքական բան չեմ տեսնում։ Ես շատ քիչ բան եմ հասկանում այդ ամեն ինչից, ընդամենը մարզերում համերգների եմ մասնակցում վճարովի։ Կարեւորը նորմալ վճարեն, այս դեպքում նորմալ կուսակցություն է, շատ լավ գնում մասնակցում ենք։
Ասացիք, որ Ձեր համար կարեւոր չէ, թե որ ուժի կողմից հանդես կգաք, օրինակ՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ կմասնակցե՞ք նախընտրական համերգների։
Եթե նորմալ բաներից խոսեն, եթե նորմալ համերգ լիներ, նորմալ գումար վճարեին իմ պահանջներին հարմար, ոչ մի խնդիր ես չեմ տեսնում։
Կոպիտ ասած՝ «փողին մունաթ», ով գումար տա, իր հետ էլ կգնա՞ք:
Ոչ, ես գնում եմ համերգի մասնակցելու, ոչ թե քարոզելու սրան կամ նրան։ Ես ոչ մեկին չեմ ասում՝ ընտրեք սրան կամ նրան, ոչ մի խնդիր չեմ տեսնում։
Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը




























