Թիվ 2 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը հերքել է իր մրցակցի` Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի ընտրական շտաբի տարածած տեղեկությունը, թե իշխանական թեկնածուն խախտումներ է թույլ տվել:

«Մեր կողմից ոչ մի խախտում թույլ չի տրվել, ամեն ինչ արվել է օրենքի տառին համապատասխան: Մեր իրավաբանը վաղը կայանալիք նիստում կներկայացնի մեր փաստարկները»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ֆարմանյանը:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ապրլի 17-ին լսելու է նույն ընտրատարածքում պատգամավորի մեծամասնական թեկնածու Վլադիմիր Կարապետյանի լիազոր ներկայացուցչի բողոքն ընդդեմ ՀՀԿ-ական մրցակցի կողմից քարոզարշավի ընթացքում թույլ տված խախտումների դեմ: Դիմումատուն խնդրել է, որ նիստին ներկա լինի նաեւ Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ներկայացուցիչը:

Վլադիմիր Կարապետյանի ընտրական շտաբից հայտնում են, որ ապրիլի 14-ին Կարապետյանի լիազոր ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանը դիմել էր թիվ 2 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին՝ նշելով. «Թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Սամվել Ֆարմանյանը խախտել է ՀՀ Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը («...քարոզչական պաստառներ կարող են փակցվել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համաձայնությամբ՝ նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների վրա կամ դրանց ներսում, եթե այդ տեղերում սույն հոդվածով արգելված չէ պաստառներ կպցնելը...»), մասնավորապես 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ զանգվածներում եւ Ջրվեժում բազմաբնակարան շենքերին փակցված են Սամվել Ֆարմանյանի երեք տասնյակից ավելի քարոզչական պաստառները: Ըստ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ կետի՝ ընդհանուր բաժնային սեփականության կառավարման հարցերով որոշումներն ընդունվում են շինության սեփականատերերի ձայների առնվազն երկու երրորդով, որը բացակայում է: