Մեր նպատակն է, որպեսզի Հայաստանում ի վերջո հաստատվեն ժողովրդավարական արժեքներ, ամբողջությամբ պաշտպանված լինեն մարդու իրավունքները եւ Հայաստանի հասարկությունն ապրի 21-րդ դարին հարիր արժեքներով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Կարեն Կարապետյանը:
«Եթե որոշ քաղաքական գործիչների համար դրանք արժեքներ չեն եւ, եթե որոշ քաղաքական գործիչների համար դա նշանակում է «խուռդվել» կամ մանրանալ, ապա դա իրենց խնդիրն է»,-ասաց նա, ով սիրով պատասխանեց մեր մի քանի հարցերին:
Պարոն Կարապետյան, ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ «Ժառանգությունը» «խուռդվել է»` նկատի ունենալով «Ազատ դեմոկրատների» հետ միացումը:
Ճիշտն ասած ինձ խորթ է նման արտահայտությունների օգտագործումը նույնիսկ կենցաղում, ուր մնաց քաղաքականության մեջ: Այնպես, որ չեմ ցանկանում անդրադառնալ նման լեքսիկոնով խոսակցություններին: Ըստ իս ողջունելի է, երբ քաղաքական դաշտում գաղափարապես, ծրագրային դրույթներով իրար մոտ գտնվող կուսակցությունները համագործակցում են եւ ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլեւ առհասարակ գործընթացները առաջ են տանում համագործակցության արդյունքում:
«Ժառանգությունը» եւ «Ազատ դեմոկրատները» դավանում են ազատական արժեքներ եւ երկուսի համար էլ ժողորդավարդավարությունն արժեք է: Մեր նպատակն է, որպեսզի Հայաստանում ի վերջո հաստատվեն այդ արժեքները եւ ամբողջությամբ պաշտպանված լինեն մարդու իրավունքները: Ինչպես նաեւ Հայաստանի հասարկությունը ապրի 21-րդ դարին հարիր արժեքներով: Եթե որոշ քաղաքական գործիչների համար դրանք արժեքներ չեն եւ, եթե որոշ քաղաքական գործիչների համար դա նշանակում է «խուռդվել» կամ մանրանալ, ապա դա իրենց խնդիրն է: Ես չեմ պատրաստվում ամեն մի անհեթեթության այդպես մանրակրկիտ անդրադառնալ, որովհետեւ տվյալ պարագայում պարզապես հնչել է անհեթեթություն:
Մյուս կողմից կարծում եմ, որ մեր քաղաքական դաշտը պետք է այնքան մաքրվի, որ նման տերմինոլոգիայով խոսացող մարդիկ առհասարակ հրաժեշտ տան քաղաքականությանը:
Կողքից տպավորությունն այնպիսին է, որ «Ազատ դեմոկրատների» ներսում էլ խնդիրներ կան: Բոլորովին վերջերս Արարատ Զուրաբյանի ազգականը` Երվանդ Զուրաբյանը եւ նրա մոտ ընկերը` Դավիթ Առաքելյանը լքեցին «Ժառանգության» ցուցակը: Արդյոք սա չի՞ նշանակում, որ «Ազատ դեմոկրատները» մասնատվում են:
«Ազատ դեմոկրատներում» որեւէ մասնատում տեղի չի ունեցել, փառք Աստծո: «Ազատ դեմոկրատները» ոչ միայն անվանապես են ազատ դեմոկրատներ, այլեւ իրավմամբ են դավանում այն արժեքները: Իսկ կուսակցության ներսում յուրաքանչյուր ոք կարող է ազատորեն իր տեսակետը, իր կարծիքը հայտնել եւ ինչու ոչ, կարող են լինել դեպքեր, երբ գործչի հնչեցրած կարծիքը կամ տեսակետը չհամապատասխանի նույն կուսակցության մեջ գտնվող մեկ այլ գործչի տեսակետին կամ հնչեցրած կարծիքին: Ասածս այն է, որ որեւէ խմորում, պառակտում, մասնատում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում չի եղել:
Այս դեպքում ինչո՞ւ համամասնական ցուցակը լքած քաղաքական գործիչները պաշտոնապես չեն մեկնաբանում , թե իրենց քայլը ինչով է պայմանավորված:
Ես որպես «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ հայտնում եմ, որ ոչ մեկն, այդ թվում Դավիթ Առաքելյանը եւ Երվանդ Զուրաբյանը կուսակցությունից դուրս չեն եկել: Նրանք երկուսն էլ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ են: Ավելին` Դավիթ Առաքելյանը նաեւ կուսակցության վարչության անդամ է: Նրանք պարզապես դուրս են եկել կուսակցության համամասնական ցուցակից: Իսկ ինչու են դուրս եկել` կարծում եմ լավ կլինի այդ հարցն ուղղել իրենց, որովհետեւ յուրաքանչյուրը ազատորեն կարող է իր կամքն արտահայտել, թե ցուցակում ընդգրկվելիս, թե ցուցակից դուրս գալիս: Իսկ, եթե մարդը ցուցակից դուրս է գալիս պարտադիր չէ այդտեղ ինտրիգներ փնտրել կամ պառակտում ու մասնատում հասկանալ:
Ինտրիգների մասին խոսակցություններն ի հայտ են գալիս այն դեպքում, երբ կատարված քայլին մեկնաբանություն չի տրվում:
Իմ կարծիքով հնարավոր են բազմաթիվ այլ դեպքեր, երբ մարդը ցանկանում է համամասնական ցուցակից դուրս գալ, սակայն դա պայմանավորված չէ խմորումներով եւ մասնատումներով: Կոնկրետ Դավիթ Առաքելյանը կանդրադառնա, թե ինչու է դուրս եկել համամասնական ցուցակից: Նա շարունակում է մնալ կուսակցության վարչության անդամ, ինչը պարզ ցույց է տալիս, որ որեւէ խնդիր, լուրջ տարաձայնություն չկա: Ավելին ասել իմ կողմից կոռեկտ չի լինի:
Ցանկանում եք ասել, որ Դուք չե՞ք պատրաստվում հետեւել նրանք քայլին` լինելով Արարատ Զուրաբյանի սանիկը:
Նորից կրկնեմ, որ որեւէ պառակտում Արարատ Զուրաբյանի եւ այլոց միջեւ գոյություն չունի, որ ես էլ կանգնեմ ընտրության առաջ` արդյոք հետեւե՞մ Արարատ Զուրաբյանին եւ իր հետ հեռանամ, թե` մնամ կուսակցությունում: Արարատ Զուրաբյանը նույնպես «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ է եւ ես նույնպես իր մտերիմներից եմ: Հավատացնում եմ Ձեզ, որ կուսակցության ներսում ոչ մի պառակտում գոյություն չունի:
Վերջերս «Ազատ դեմոկրատների» անդամ Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ «Ժառանգության» անվան տակ են ընտրություններին մասնակցում, քանի որ իրենք նոր կուսակցություն են եւ ճանաչման խնդիր ունեն: Ինչո՞վ է Ազատ դեմոկրատները» լրացնում «Ժառանգությանը», իսկ «Ժառանգությունը»` «Ազատ դեմոկրատներին»:
Նման խնդիր էլ գոյություն ունի, որ մենք երկու կուսակցություններս էլ կրում ենք գրեթե նույն արժեքային համակարգը, գրեթե նույն ծրագրային դրույթները եւ ելակետը ունենք: Մենք կարծում ենք, որ հասարակությանը պետք է համախմբել, այլ ոչ թե տանել պառակտման: Օրինակ, եթե դիցուք մի պահ Դուք որոշեիք Ձեր ձայնը տալ մեր գաղափարախոսությունը կրող կուսակցությանը, ապա մտնելով քվեախցիկ կարող էիք կանգնել խնդրի առաջ. «Ժառանգությո՞ւն», թե՞ «Ազատ դեմոկրատներ»: Դա նույնպես քաղաքական դաշտում կարեւորագույն գործոն է եւ մենք գիտակցելով այդ գործոնը, չցանկացանք ընտրազանգվածը պառակտել եւ կիսել երկու մասի, քանի որ ընդդիմության նման քայլից կարող են օգտվել իշխանությունները: Կարծում եմ, որ մեր հավաքած տոկոսը շատ ավելին կլինի, քան այն, ինչ կանխատեսում են որոշ քաղաքագետներ:
Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը




























