Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետնախարար Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, թե նախարարի այցը, ինչպես նաեւ վերջին ժամանակաշրջանում ակտիվացած բարձր մակարդակի այցելությունները դրական դերակատարություն կունենան Հայաստանի ու Էմիրությունների միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում: Սարգսյանը նաեւ ասել է, որ Հայաստանը շահագրգիռ է առավել ամրապնդել ու խորացնել կապերը Ծոցի երկրների հետ: Նախագահը բարձր է գնահատել Արաբական Միացյալ Էմիրությունների զուսպ եւ հավասարակշիռ վերաբերմունքը մեր տարածաշրջանի զգայուն խնդիրների նկատմամբ:
ԱՄԷ արտաքին գործերի պետնախարար Անվար Գարգաշը իր կարեկցանքն հայտնել հայ ժողովրդին՝ 1988թ. ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:
Ծավալված զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել բազմաբնույթ փոխգործակցության, համատեղ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի, միջազգային կազմակերպություններում համագործակցության հետ կապված հարցերի շուրջ:




























