«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի՝ Շենգավիթի դատարանում դեկտեմբերի 7-ին կայացած դատավարությունը ուշագրավ զարգացումներ ստացավ:
Փաշինյանին ազատ արձակելու միջնորդության մերժումից հետո պաշտպանական կողմը դատավոր Մնացական Մարտիրոսյանին ներկայացրեց մի տեսագրություն եւ մի ձայնագրություն: Խտասկավառակներն, ի դեպ, փորձաքննության էին ենթարկվել «Փորձաքննությունների եւ գնահատման մոսկովյան կենտրոնում», եւ ռուս փորձագետն արձանագրել էր, որ դրանք մոնտաժված չեն: Մոտ կես ժամանոց ձայնագրությամբ ու 2 րոպեանոց տեսագրությամբ ակնհայտ է դառնում, որ 2007թ. հոկտեմբերի 23-ին, երբ ոստիկանները Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում հարձակվել են ընդդիմության հանրահավաքի մասին իրազեկող խմբի վրա, գործել են ապօրինաբար եւ խախտել են օրենքը: Ներկայումս փոխոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Ալիկ Աֆյանը Փաշինյանի դիտողությանը, թե իրենք գործում են օրենքի շրջանակներում, հայտարարում է, թե «օրենքը ես եմ»: Կադրերում հրաշալի երեւում էր, թե ինչպես են բռնության ենթարկվում «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագիր Շողեր Մաթեւոսյանն ու լրագրող Գոհար Վեզիրյանը: Նկարված էր ամեն ինչ եւ ամեն ոք, բացի այսպես կոչված տուժողից: Վերջինս կրկնակի հարցաքննության ժամանակ փորձում էր համոզել, թե ինքը եղել է այդտեղ, եւ Նիկոլը հարվածել է իրեն, սակայն կադրերից որեւէ մեկում չկարողացավ ցույց տալ ինքն իրեն: Ավելին, «տուժող» Վազգեն Դաբաղյանը նաեւ ստեց, թե ինքը չի եղել Կենտրոնի բաժնում, երբ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանել է ոստիկանատուն, սակայն պաշտպաններն ապացուցեցին, որ նա այդ ժամանակ եղել է Կենտրոնի ոստիկանատանը:
Ի դեպ, դատական հաջորդ նիստը կայանալու է վաղը՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 12.00-ին։




























