Մինչեւ այս տարվա վերջ Գյումրիում կավարտվի 1050 բնակարանի շինարարություն։ Այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս՝ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը՝ ավելացնելով, որ այժմ քաղաքաշինության նախարարի գլխավորությամբ գործող պետական հանձնաժողովն աշխատում է երկրաշարժի արդյունքում անօթեւան մնացած մարդկանց ցուցակները ճշտելու ուղղությամբ։ «Երբ դրանք վերջնականապես ճշտվեն, բնակարանները կբաշվեն եւ մարդիկ նորամուտ կտոնեն»,- վստահեցրեց փոխվարչապետը՝ տեղեկացնելով, որ բացի բնակարաններից, մինչեւ տարեվերջ գյուղական բնակավայրերում շահագործման կհանձնվեն 520 տներ։ Ըստ Ա. Գեւորգյանի՝ հաջորդ տարի Գյումրիում կավարտվի 1980 բնակարանի շինարարություն, իսկ գյուղական վայրերում եւս 500 տներ կկառուցվեն։ «Ծրագիրն իրականացվում է, եւ բոլոր այն անօթեւանները, որոնք պետական հանձնաժողովի կողմից կճանաչվեն բնակարանի կարիք ունեցող անօթեւաններ, կստանան իրենց բնակարանները»,- վստահեցրեց փոխվարչապետը։
Հիշեցնենք, որ «Ասպարեզ» ակումբը հայտարարել էր, թե «դեկտեմբերի 4-ի դրությամբ Գյումրու Մուշ-2 թաղամասի շինարարական հրապարակում աշխատանքները կատարված են 40-60 տոկոսով: Թեպետ կանգուն է մոտ 20 քառահարկ շենք, ինչը լավագույն դեպքում կարող է 600-700 բնակարան կազմել, դրանց կեսի կտուրները դեռ չկան, պատերն ու ծածկերն են միայն, դրանք դեռեւս ներքին հարդարում չունեն, բակերն ու բակային ճանապարհները դեռեւս չկան՝ որպես այդպիսիք, դրանք շինհրապարակներ են դեռ, եւ 5-6 շենք է, որ դուռ եւ պատուհան է կրում: Հաշվի առնելով Շիրակի դաշտի բնակլիմայական պայմանները, մինչեւ տարեվերջ կարող են ավարտուն տեսք ստանալ խոստացված բնակարաններից հազիվ 250-ը»:




























