«Միավորված հայեր» կուսակցությունն ապրիլի 16-ին երկու նոր շտաբ է բացել Նոր Նորքում` ընտրողներին առավել հասանելի լինելու նպատակով:

Կուսակցությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Միավորված հայեր» կուսակցությունն ընտրարշավի առաջին իսկ օրերից հանրապետության մայրաքաղաքում եւ տարբեր մարզերում բացում է կուսակցության նախընտրական շտաբերը:

Նոր նախընտրական շտաբերի հասցերն են Նոր Նորքի  2-րդ զանգված, Մոլդովական փողոց 1/3  եւ  Նորքի 6-րդ զանգված, Բադալ Մարգարյանի փողոց, շենք 8: Շտաբերի ղեկավարներն են համապատասխանաբար Անահիտ Հովհաննիսյանը եւ Միշա Միքայելյանը, ովքեր պատրաստ են աջակցելու իրենց ընտրողներին ընտրական գործընթացներին վերաբերող ցանկացած խնդրով:

Իսկ ահա Սպիտակի Լեռնանցք համայնքի ղեկավար Լեւիկ Աբգարյանը խոչընդոտել է «Միավորված հայեր»-ին շտաբներ բացել «իր տարածքում», քանի որ այնտեղ իրենք են տեր ու տիրական:

«Միավորված հայեր» կուսակցությունն այս կապակցությամբ հայտարարել է. «Նա  իր կարճ խելքով փորձել է միավորներ հավաքել ՀՀԿ-ում, հավանաբար ընտրություններից հետո իր տեղը ամրապնդելու համար: Ու իր անարդար խաղերում օգտագործելով նաեւ հասարակ գյուղացիներին` նրանց աչքը վախեցնելով տեղեկանքներ չտրամադրելու ահաբեկումներով, նա փորձում է ձայներ հավաքել, ասելով, թե ովքեր են «Միավորված հայերը», որ  իրենց ընտրեք: Եթե իրականում ՄՀԿ-ն իրենից  ընտրաձայներ գրավելու սպառնալիք չներկայացներ Լեւիկի համար, հավանաբար վերջինս չէր ընկնի ցայնտոտի մեջ եւ չէր մատուցի արջի ծառայություն` կրակի մեջ գցելով իրեն էլ, իրեն ներկայացնող ուժին էլ»: