Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի նախկին թիկնապահներից մեկը հայտարարել է երգչի երեխաներից մեկի նկատմամբ իր հայրական իրավունքների մասին:

Մեթ Ֆիդսը հայտնել է, որ հենց ինքն է հանդիսանում 10-ամյա Փրինս Մայքլ Ջեքսոն II-ի հայրը: Նրա խոսքով, Ջեքսոնն իրեն խնդրել է սերմնահեղուկի դոնոր դառնալ, քանի որ «սպորտային» կազմվածքով երեխա էր ցանկանում: Փոփ արքան նույնիսկ առաջարկել է վճարել դոնորության համար 300 ֆունթ, սակայն թիկնապահը հրաժարվել է ֆինանսական երախտագիտությունից, հաղորդում է KM.RU-ն:

Հիմա Ֆիդսը պահանջում է ԴՆԹ անալիզ անցկացնել իր հայրությունը պարզելու համար: Նա հիմա այդ մասին հայտարարելը բացատրել է նրանով, որ իր մայրը տառապում է քաղցկեղով եւ ինքը ցանկանում է, որ նա տեսնի իր թոռանը: