«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը եւ այլ ԲՀԿ-ականներ հայտարարում են, որ Գագիկ Ծառուկյանը էջմիածնիցիների հետ հանդիպմանը զենքով չէր գնացել, այլ հեռախոսով, իսկ  Հայաստանի նախկին արտգործնախարար, վերջերս ԲՀԿ անդամ դարձած Վարդան Օսկանյանը դիտելով տեսանյութը եւ լուսանկարները հայտարարել էր, որ իր կարծիքով դա զենք է:

NEWS.am-ը փորձեց մեկ այլ ԲՀԿ-ական պատգամավոր, արցախյան ազատամարտի մասնակից Ռուբեն Գեւորգյանից («Ծաղիկ Ռուբո») կարծիք հարցնել, թե Էջմիածնի հանդիպմանը Գագիկ Ծառուկյանի գոտկատեղին հեռախոս է, թե՝ զենք։

Պարոն Գեւորգյան, հաշվի առնելով, որ դուք պատերազմին մասնակցել եք եւ ձեր աչքը ավելի «մասնագիտական է եւ փորձված», ի՞նչ եք կարծում՝ էջմիածնիցների հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը զենքով է գնացել, թե՝ ոչ։

Ես այդ հանդիպմանը չեմ եղել, ականատես չեմ եղել, բայց բնականաբոր բոլոր այն քաղաքացիները, որոնք իրավունք ունեն զենք կրելու, նմանապես երեւի Գագիկ Ծառուկյանն էլ ունի զենք կրելու իրավունք։ Ինձ թվում է՝ Գագիկ Ծառուկյանի զենքը իր ժողովուրդն է, որին այդքան նվիրված է, որին այդքան սիրում է, որով ինքը ապրում է, իր ամենահզոր զենքը ժողովուրդն է։

Դուք այդ նկարները տեսե՞լ եք։

Ոչ։

Ուզո՞ւմ եք միասին նայենք։ Զենք կրելու իրավունք հնարավոր է՝ ունի, բայց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով արգելվում է դրանց ժամանակ զենք կրելը։

-Քաղաքացիների 50 տոոկսը երեւի զենք է կրում, բոլորս ունենք դրա իրավունքը։ Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի զենք կրելուն կամ ընտրարշավին զենքով գնալուն, ապա  ես դա անհեթեթ եմ համարում, որովհետեւ նրա ամենահզոր զենքը ժողովուրդն է, որովհետեւ ինքը ժողովրդին նվիրված անձնավորություն է։ Անգամ եթե զենքով էլ լինի, ես այստեղ ինչ-որ արտառոց բան չեմ տեսնում, թեեւ ես չեմ եղել, չգիտեմ։

Հասկանալի է ձեր տեսակետը, մեկ հարց եւս, Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ ՀԱԿ-ը քննադատում է բոլորին, բացի ԲՀԿ-ից. Ինչպե՞ս կմեկնաբանեք սա, իշխանության մաս կազմող ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի մեջ կա՞ համագործակցություն։ 

Համագործակցությունը անհեթեթ եմ համարում, մարդիկ իրավունք ունեն իրենց տեսակետը արտահայտել։ ԲՀԿ-ն այնքանով է համագործակցում այն ուժերի հետ, որոնք պայքարում են ազնիվ եւ արդար ընտրությունների անցկացման համար, ԲՀԿ-ն բոլորի հետ էլ կարող է համագործակցել։ Այդ մասին իր կարծիքը ասել է նաեւ ԲՀԿ առաջնոդրը։ Ովքեր կողմ են ազնիվ, արդար ընտրություններին, բնականաբար կարող են համագործակցել։ Քաղաքական եզրեր չպետք է այդտեղ ընտրել: Ցտեսություն։

Ավելի վաղ NEWS.am-ը տեսանյութ էր տեղադրել, որում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ապրիլի 13-ին, Էջմիածնում ընտրարշավի ժամանակ ժողովրդի առաջ ծնկի իջած պահին գոտկատեղին փակցված ոսկեզօծ առարկա է երեւում, որը շատերը նմանեցնում են ատրճանակի։ Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ երեւացող առարկան ոչ թե զենք է, այլ VERTU հեռախոս։ Ապրիլի 18-ին, Հայաստանի նախկին արտգործնախարար, վերջերս ԲՀԿ անդամ դարձած Վարդան Օսկանյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ դա այնուամենայնիվ զենք է: