Chery և Land Rover դաշինքը, որը Freelander անվանումը վերածել է առանձին բրենդի չինական շուկայի համար, հրապարակել է իր առաջնեկ մոդելի առաջին լիարժեք լուսանկարները։ Խոսքը մեծ քրոսովերի մասին է, որը ստացել է 8 ինդեքսը և ներկայացվում է որպես մոդելային շարքի ֆլագման։ Չինաստանում նորույթի վաճառքը կմեկնարկի տարվա երկրորդ կեսին։
Սերիական քրոսովերն արտաքնապես գրեթե չի տարբերվելու մարտի վերջին ներկայացված Concept 97 նախատիպից։ Օրինակ՝ սերիական մոդելի դռները լինելու են ավանդական, այլ ոչ թե հակադիր բացվող, իսկ առջևի մասում զանգվածային վրադիրի փոխարեն տեղադրվել է քառակուսի օդառիչներով թափարգել։ Միևնույն ժամանակ, պահպանվել են դիզայնի առանցքային տարրերը՝ անկյունավոր երկշերտ լուսատեխնիկան, ընդգծված շեմերով հարթ կողային մասերը և հետևի թեք կանգնակները։ Լուսանկարներում հստակ երևում են նաև տանիքին տեղադրված լիդարը և բեռնախցիկի կափարիչի սպոյլերը։
Լիդարը կդառնա Huawei-ի մշակած վարորդին օժանդակող համակարգերի բաղկացուցիչ մասը (ինչպես նաև Snapdragon 8397 չիպը)։ Ըստ արտադրողի՝ համակարգը ի վիճակի կլինի իրականացնել վարման մի շարք սցենարներ նույնիսկ արտաճանապարհային պայմաններում։ Այդուհանդերձ, մեքենայի տեխնիկական բնութագրերը դեռևս գաղտնի են պահվում։ Հայտնի է միայն, որ Freelander 8-ը կառուցված է նոր հարթակի վրա, որը թույլ է տալիս կիրառել ինչպես էլեկտրական, այնպես էլ հիբրիդային ուժային համակարգեր, իսկ 800 վոլտ հզորությամբ ճարտարապետությունը կապահովի մարտկոցների արագ լիցքավորման հնարավորություն։ Որպես քարշային մարտկոցների մատակարար հանդես է գալիս CATL կոնցեռնը։





























